Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմաստը ո՞րն է, որ ես ուրիշի թեկնածուի համար այսօր որոշակի անուններ տամ». Վազգեն Սաֆարյանը՝ վարչապետի՝ ամենապահանջված թեկնածուի մասին

Մարտ 14,2018 18:20

Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության անդամները ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեծ հույսեր են կապում:

«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ երկրում ընթացող փոփոխությունները նոր ընդունված սահմանադրության հանգույն են. «Թևակոխելու ենք որակական նոր կառավարման փուլ, որտեղ առաջին դեմքը լինելու է վարչապետը և այն ունենալու է խորհրդարանական մեծամասնությունը, և ըստ էության մենք առաջնային մանդատով ընտրված երկրի առաջնային դեմք չենք ունենալու»:

Դառնալով խորհրդարանական կառավարման համակարգից իրենց ակնկալիքներին ՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք կողմ էինք, որ Հայաստանում լինի խորհրդարանական համակարգ, և քաղաքական կուսակցությունները որքան հնարավոր է շատ ներկայացված լինեին խորհրդարանում, իրենց տեսակետները, գաղափարներն ու ընկալումները ներկայացնեին և փորձեին ժողովրդին ցույց տալ՝ ինչ է նշանակում սոցիալիզմ և կապիտալիստական հարաբերություններ»:

Անդրադառնալով երկրի քաղաքական ղեկավարությունից ակնկալիքներին՝ պարոն Սաֆարյանը տեղեկացրեց, որ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իրենց կուսակցության նախագահության անդամների հետ. «Թեև նորընտիր նախագահն առաջնային մանդատով օժտված չի լինելու, բայց նա համարվում է պետության գլուխ: Մեծ հույսեր ենք կապում նրա հետ, որ նրան կհաջողվի ուսումնասիրել համաշխարհային զարգացման փորձը, այն, որ հատկապես Անգլիայում է:

Իսկ Անգլիայում արդյունաբերությունը պետական հովանավորչության ներքո է: Այն, ինչի հասել ենք՝ ազատ շուկայական տնտեսություն որդեգրելով, ձախողվել ենք, քանի որ մեզանում չի պակասում արտագաղթը: Դա նշանակում է, որ տնտեսությունը լավ չի աշխատում, չկան բավարար աշխատատեղեր: Մենք խնդիր ենք դնելու փոխել տնտեսական քաղաքականությունը, որդեգրել գոնե այն երկրների տնտեսական գործառույթները, որոնք առաջատար են համարվում՝ Ֆրանսիա, Անգլիա, Շվեդիա, Գերմանիա»:

Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ արդյունավետ չէ այն, որ կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն նախատեսվելու. «Մեր կարծիքով՝ պետք էր գնալ կառուցվածքային փոփոխությունների: Պնդում ենք, որ ՀՀ-ն պետք է ունենա արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: Նման բան կա նաև Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԵԱՏՄ երկրներում: Ինչո՞ւ ՀՀ-ն չունի, դա ինձ համար անհասկանալի է: Մեր երկրի տնտեսության այս ծանր վիճակի պատճառն այն է, որ չունենք այդ նախարարությունը: Իսկ նախարարություններին պետք է վերագրվեն այլ գործառույթներ: Պետք է լինեն ֆունկցիոնալ ճյուղային նախարարություններ: Չորրորդ հանրապետությունը պետք է երրորդ հանրապետության սխալներից ձերբազատվի»:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Այն ընդդիմությունը, որը ներկայացված է ԱԺ-ում, գաղափարական ընդդիմություն չէ, ընդամենը իշխանության նկատմամբ և տնտեսական քաղաքականությանը դեմ չգնացող ընդդիմություն է:

Ձախակողմյան դաշտի կուսակցությունները՝ կոմունիստները, դեմոկրատները, սոցիալ-դեմոկրատներն են գաղափարական ընդդիմությունը, որոնք, ցավոք, ներկայացված չեն ԱԺ-ում: Խորհրդարանական ընդդիմությունն ընդդիմություն է այնքանով, որքանով: Նրանց կարգախոսը լավագույն դեպքում կարող է լինել այն, որ մենք, եթե լինեինք իշխանություն, ավելի լավ կկառավարեինք նույն տարվող տնտեսական քաղաքականությունը: Մենք ասում ենք, որ գալով իշխանության՝ փոխելու ենք տնտեսական, սոցիալական քաղաքականությունը»:

Հարցին՝ ամենապահանջված վարչապետի թեկնածուն ո՞վ է, պարոն Սաֆարյանը կոնկրետ անուններ չտվեց. «Իմաստը ո՞րն է, որ ես ուրիշի թեկնածուի համար այսօր որոշակի անուններ տամ: Մեր ասելով չէ, թե ով պիտի լինի վարչապետ կամ ոչ: Այդ հարցը լուծվելու է ԱԺ-ում՝ ով ունի քաղաքական մեծամասնություն, նրանց թեկնածուն էլ կարող է անցնել: Այն, որ մանևրում են և ձգում ժամանակը՝ չասելով իրենց թեկնածուի անունը, բնորոշ է ՀՀԿ-ի վարքագծին: Միշտ էլ մեկ-երկու օր առաջ հայտարարում են և դա ԱԺ-ում անցկացնում:

Այս հարցում ունենք սպասողական դիրքորոշում: Ոչ խորհրդարանում պատգամավոր ունենք, որ նրա միջոցով մեկ կամ երկու ձայնով ազդենք ընտրության վրա, ոչ էլ մեր թեկնածուն ենք առաջարկել: Խնդիրը ՀՀԿ-ի դաշտում է, նա էլ կլուծի: Այլ հարց է, թե նոր նախագահն ու վարչապետն ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն: ՀՀԿ-ն ինքնաքննադատորե՞ն կվերաբերվի իր կուսակցության վերջին ութ-տաս տարիների քաղաքականությանը և նոր քաղաքականություն կորդեգրե՞ն, թե՞ ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031