Լրահոս
Օրվա լրահոսը

Մահից չեմ վախենում, բայց և չեմ շտապում մահանալ. Սթիվեն Հոքինգի ամենավառ մեջբերումները

Մարտ 14,2018 17:52

Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը դարձել էր իր ժամանակի ամենահարգված և հայտնի գիտնականներից մեկը՝ չնայած ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդությանը:

Լինելով հումորի մեծ զգացումով մարդ՝ նա դարձել է գիտության հանրահռչակման գլխավոր «մեղավորը» և մշտապես փորձել է լայն հանրայնություն ապահովել իր աշխատանքներին:

1988 թ. տպագրված նրա «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր:

Հոքինգը մասնակցել է ամենահայտնի հեռուստաշոուներին, իսկ նրա թվային ձայնն օգտագործվել է բազմաթիվ հայտնի երաժիշտների ստեղծագործություններում:

Հոքինգը սև խոռոչների ճառագայթման (գոլորշիացման) տեսության հեղինակն է: Ըստ այդ տեսության՝ սև խոռոչը ոչ միայն կլանում է իր շուրջ ամեն բան, այլև ինքն էլ արտաքին միջավայր է ճառագայթում մասնիկներ, ինչը հանգեցնում է հենց իր անհետացմանը:

Սթիվեն Հոքինգը ծնվել է Օքսֆորդում 1942թ. հունվարի 8-ին: Նրա հայրը՝ մասնագիտությամբ կենսաբան-հետազոտող, կնոջ հետ տեղափոխվել է Լոնդոն՝ փրկվելով գերմանական ռմբակոծություններից:

Հոքինգը մեծացել է Լոնդոնում և Սենթ Օլբանսում և ֆիզիկոսի բակալավրի աստիճանով ավարտելով Օքսֆորդի համալսարանը՝ տեղափոխվել է Քեմբրիջ՝ տիեզերագիտություն ուսումնասիրելու:

Պատանի հասակում Հոքինգը տարված էր ձիավարությամբ և թիավարությամբ, սակայն Քեմբրիջում սովորելու տարիներին նրա մոտ ախտորոշվեց կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, որը հետագայում հանգեցրեց լիարժեք կաթվածահար վիճակի:

1964թ., երբ Հոքինգը պատրաստվում էր ամուսնանալ իր առաջին կնոջ՝ Ջեյնի հետ, բժիշկներն ասում էին, որ նրանք 2-3 տարվա կյանք է մնացել:

Սակայն հիվանդությունը զարգանում էր ավելի դանդաղ, քան սպասվում էր: Զույգն ունեցավ 3 երեխա: Իսկ 1988թ. Հոքինգը, որը տրախեոտոմիայի պատճառով կարողանում էր շփվել միայն խոսքի սինթեզատորի միջոցով, ավարտեց աշխատանքը «Ժամանակի համառոտ պատմություն» գրքի վրա, որն իրենից ներկայացնում է տիեզերագիտության ուղեցույց:

20 տարվա ընթացքում վաճառվել է այդ գրքի ավելի քան 10 մլն օրինակ:

Մահանալով 76 տարեկանում՝ հայտնի ֆիզիկոսն իրենից հետո թողել է բազմաթիվ աշխատություններ ու վառ մեջբերումներ ամենատարբեր թեմաներով:

Սև խոռոչների մասին. «Էյնշտեյնը ճիշտ չէր, երբ ասում էր՝ Աստված զառ չի խաղում: Սև խոռոչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աստված ոչ միայն զառ է խաղում, այլև երբեմն խաբում է մեզ՝ դրանք գցելով այնտեղ, որտեղ մենք չենք կարող տեսնել»:

Տիեզերքի մասին. «Մենք ընդամենը կապիկների զարգացած սերունդներն ենք ոչնչով չառանձնացող աստղ ունեցող փոքրիկ մոլորակում: Բայց մենք հնարավորություն ունենք հասկանալու տիեզերքը: Հենց դա էլ մեզ առանձնահատուկ է դարձնում»:

Այլմոլորակայինների մասին. «Եթե այլմոլորակայինները երբևէ այցելեն մեզ, կարծում եմ, որ արդյունքը կլինի նույնքան ողբերգական, որքան բնիկ ամերիկացիների համար, երբ Քրիստափոր Քոլումբոսը ափ իջավ Ամերիկայում»:

Տիեզերքի գոյության պատճառների մասին. «Եթե այդ հարցին պատասխան գտնվի, դա կլինի մարդկային մտքի լիակատար հաղթանակ, քանի որ այդ ժամանակ մենք կհասկանանք Աստծո մտքինը»:

Տիեզերքի նկատմամբ հետաքրքրության մասին. «Կարծում եմ, որ Երկրի վրա կյանքը մշտապես գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ, օրինակ` միջուկային պատերազմի հետևանքով, գենետիկ վիրուսի կամ այլ ողբերգության: Կարծում եմ, որ մարդկությունն ապագա չունի, եթե տիեզերք չտեղափոխվի: Այնպես որ, ես ուզում եմ բարձրացնել հասարակության հետաքրքրությունը տիեզերքի նկատմամբ»:

Կոմերցիոն հաջողությունների մասին. «Ես ավելի շատ գիրք եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի»:

Փառքի մասին. «Իմ գործընկերների համար ես պարզապես մի ֆիզիկոս եմ, իսկ լայն հանրության համար՝ ես, միգուցե, դարձել եմ ամենահայտնի գիտնականն աշխարհում: Մասամբ այն պատճառով, որ գիտնականները, բացառությամբ Էյնշտեյնի, նման չեն ռոք-աստղերի, մասամբ էլ այն պատճառով, որ ես տեղավորվում եմ հաշմանդամ հանճարի կարծրատիպում: Ես չեմ կարող թաքնվել կեղծամի կամ մուգ ակնոցների տակ. իմ աթոռն ինձ մատնում է»:

Աշխարհի անկատար լինելու մասին. «Տիեզերքի հիմնական օրենքներից մեկն այն է, որ կատարյալ ոչինչ չկա: Կատարելություն պարզապես գոյություն չունի… Առանց անկատարելիության ո՛չ դուք, ո՛չ ես գոյություն չէինք ունենա»:

Կյանքի մասին. «Կյանքը ողբերգական կլիներ, եթե այսքան զվարճալի չլիներ»:

Ճակատագրի մասին. «Ես նկատել եմ, որ անգամ այն մարդիկ, որ ասում են՝ ամեն ինչ կանխորոշված է, և ոչինչ հնարավոր չէ փոխել, փողոցն անցնելիս շուրջբոլորն են նայում»:

Մարդկանց մասին. «Լուռ մարդիկ ունենան ամենաղմկոտ ուղեղը»:

Մահվան մասին. «Ես վերջին 49 տարին ապրում եմ վաղահաս մահվան կանխորոշմամբ: Ես չեմ վախենում մահից, բայց և չեմ շտապում մահանալ. Ես դեռ շատ բանի եմ ուզում հասնել»:

Էֆթանազիայի մասին. «Ես կարծում եմ, որ դա սխալ կլիներ: Որքան էլ սարսափելի չթվա կյանքը, միշտ կգտնվի մի բան, որտեղ հնարավոր է հաջողության հասնել: Քանի դեռ կա կյանք, կա հույս»:

Ֆիզիկական սահմանափակումների մասին. «Ես լիարժեք կյանք եմ ապրել և գոհ եմ դրանից: Ես հավատում եմ, որ սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ պետք է կենտրոնանան այնպիսի բաների վրա, որտեղ իրենց թերությունը խոչընդոտ չէ, և ոչ թե ափսոսան նրա համար, ինչ չեն կարող անել»:

Գիտության մեջ իր ներդրման մասին. «Ապրել՝ զբաղվելով տեսական ֆիզիկայի հետազոտություններով՝ հրաշալի էր: Ես երջանիկ եմ, եթե ինձ հաջողվել է ինչ-որ բանի հասնել Տիեզերքը հասկանալու հարցում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031