«Սարի թաղի գործով» հերթական դատական նիստում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել ամբաստանյալների պաշտպանների՝ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Իսկ դա նշանակում է, որ այս գործը շարունակելու է քննել Աննա Դանիբեկյանը: Քանի որ նիստերի դահլիճում մեկ այլ գործի քննություն էր նշանակված, ոստիկան Վահան Կարագյոզովն այսօր չհարցաքննվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 4-ին՝ 14:00-ին:
«Լավագույն դեպքում այս գործով նիստերը նշանակվում են ամիսը մեկ անգամ, այն էլ՝ մեկ վկա է գալիս կամ հրավիրվում: Հասկանում եմ, որ դատարանները ծանրաբեռնված են, բայց դա չպետք է ազդի ամբաստանյալների վիճակի վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալներ՝ Սարի թաղի բնակիչների շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ այս գործի քննության ողջամիտ ժամկետները չեն ապահովվում:
«Ինչո՞ւ «Սասնա ծռերի» գործը քննվում է շաբաթը մեկ, իսկ այս տղաներինը՝ ամիսը մեկ անգամ: Ուրեմն, սարիթաղցիները հանրային հնչեղություն չունե՞ն, դա ի՞նչ կապ ունի, նրանք էլ ողջամիտ ժամկետներով դատավարության անցկացման իրավունք ունեն»,-համոզմունք հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալներ՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ