Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ե՞րբ Եվրոպան կհանդուրժի, որ  իր տված հանձնարարությունները հեռու մնան դրանց իրականացումից. նամակ ԵԽ գլխավոր քարտուղարին

Մարտ 14,2018 17:28

Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության նամակը ԵԽ գլխավոր քարտուղարին

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին

Հարգելի պարոն  գլխավոր քարտուղար,

Ութ ամիս առաջ, 2017 թ-ի հուլիսի 17-ին, Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեի անդամները ցույց արեցին Ստրասբուրգում, Եվրախորհրդի նստավայրի դիմաց, որտեղ եւ Ձեզ ուղղված մի նամակ հանձնեցին:

Այս նամակին հետեւեց ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով տնօրեն՝ Քրիստոս Ջիակումոպուլոսի պատասխանը:  Իր նամակում գլխավոր տնօրենը մեզ հավաստիացնում էր, որ Եվրոպայի Խորհուրդը վարում է «Հայաստանի հետ սերտ համագործակցություն՝ բարեփոխումներ իրականացնելու համար՝ մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման նպատակով» և ավելացնում էր, որ «հատուկ ուշադրություն է դարձվում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը»:

Վերջերս, Հայաստանում, քաղաքացիական հասարակությունը, որը ձգտում է եվրոպական արժեհամակարգին, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, ողջունեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումը, ինչպես որ նա գոհունակություն է հայտնում ամեն անգամ, երբ Հայաստանը  Եվրոպային մոտենալու քայլ է անում:

Սակայն հույսերը շարունակապես մնում են չարդարացված։  Քանի որ, իրականում, Եվրամիության հանձնարարությունները չեն կատարվում: Այդ հանձնարարությունները, չիրականացվելու դեպքում՝համապատասխան  պատժամիջոցների ենթարկված չլինելով, եւ լինելով ոչ հարկադրական, անմիջականորեն կախման մեջ են գտնվում իշխանությունների քաղաքական կամքից: Հեշտ է կանխատեսել, թե ինչպիսի արդյունքի կարելի է հասնել այն դեպքում, երբ Եվրախորհրդի հանձնարարությունները, որոնց նպատակն է հանրային կառավարման բարելավումը, իշխանությունների տարանջատումը եւ կամ կաշառակերության վերացումը, ուղղված են այնպիսի իշխանությունների, ում շահերը հակասում են նույն այդ հանձնարարությունների իրականացմանը։

Իրականում իրավիճակը վատթարանում է . կաշառակերությունը ամենուրեք է, հասարակական կազմակերպությունները կամ գրեթե դադարեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ պարզապես դադարել են գոյություն ունենալ, բնակչության մեջ ցրված մի վախ կա (վախ՝ ինքն իր համար, վախ՝ իր հարազատների համար), իսկ ամենաանապահովների շահագործումն աներեւակայելի չափերի է հասել: Արտագաղթը զանգվածային է, ու վերջին շրջանում Հայաստանից Ստրասբուրգ եկած 9000 հայերը, որոնց մասին խոսք էր գնացել անցյալ տարի,  դրա վկայությունն են։

Հայաստանի իշխանություններն իրենց կողմից, օգուտ են քաղում Եվրոպա-Հայաստան մերձեցումից. դրա շնորհիվ՝ ներկայանալով մեծ դեմոկրատի դեմքով, նրանք նոր դիրքորոշում են դրսեւորում, իսկ դա իրենց շահեկան պիտի լինի 2018-ին, քանի որ Ֆրանկոֆոնիայի այս տարվա գագաթնաժողովը Երեւանում պիտի կայանա: Ձեռքը սրտին դրած՝ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:  Սա ժպտալու առիթ պիտի տար, եթե այդ «ֆասադի» ետեւում չլիներ մի ժողովուրդ, որն արդեն հոգնել է տառապելուց։

Մինչև ե՞րբ Հայաստանի ղեկավարները խույս կտան եվրոպական հանձնարարություններից: Մինչև ե՞րբ Եվրոպան կհանդուրժի, որ  իր տված հանձնարարությունները հեռու մնան դրանց իրականացումից։

Ներկայիս անհանգիստ ժամանակներում, երբ ամբոխավարությունն ու ծայրահեղականությունը վերելք են ապրում, Եվրոպան դժվարությունների առջեւ է, բայց նա՝ մի Դոնալդ Թրամփի դիմաց, մնում է դեռ որպես հենակետ, շարունակում է դեռ լինել մարդու իրավունքների Եվրոպան: Ահա թե ինչու Եվրոպան  պետք է, ավելի քան երբևէ, զգուշանա խաղը խարդախողներից եւ աչալուրջ լինի:

Եթե Եվրամիության հանձնարարությունները կատարվեին, ապա կալանավորման արժանապատիվ պայմաններ ստեղծված կլինեին, հիվանդ կալանավորներին պատշաճ բուժում կցուցաբերվեր,  փաստաբանների իրավունքները պաշտպանված կլինեին, ոչ մի սպառնալիք չէր կիրառվի բանտարկյալների հարազատների ու համակիրների նկատմամբ, ավելին, եթե հանձնարարությունները իրականացվեին, Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չէին լինի: Այն իրականությունը, որը քաղաքական բանտարկյալներ է ծնում, դա անօրինականության, կաշառակերության, կեղծված ընտրությունների իրականությունն է:

Քաղաքական բանտարկյալները Եվրոպայի հանձնարարությունների չիրականացումն են կերպավորում, դրա խորհրդանիշն են: Իսկ ովքե՞ր են այդ խորհրդանշական քաղբանտարկյալները, որոնց իշխանությունները հրաժարվում են տալ «քաղբանտարկյալ» որակավորումը: Այդ ինչպիսի՞ նպատակներ են հետապնդում նրանք, որ համարվեն այնքա՜ն վտանգավոր մարդիկ, որոնց պետք է բանտարկել։  Բոլորը, բացարձակապես բոլորը, թե՛ զենք վերցնողները և թե՛ պարզապես իրենց կարծիքն արտահայտողները, բոլորը նույն պահանջն ունեն Հայաստանի համար՝ ազատ եւ անկախ իրավական պետության, սոցիալական արդարության հաստատում, ընդհանուր նպատակ, ինչը, սակայն, կեղծված ընտրություններն անխուսափելիորեն խափանում են:

Սույն նամակին կցված ցուցակում նշված քաղբանտարկյալներից և ո՛չ մեկի տեղը ճաղերից այն կողմ չպետք է լինի: Բոլորը պետք է ազատ արձակվեն: Պետք է ազատ արձակվեն նրանք, ովքեր հիվանդ են (նամակին կից հիվանդ բանտարկյալների ցուցակը), պետք է ազատ արձակվեն այն բանտարկյալները, որոնց համար փետրվարի 9-ի նիստում դատախազը, որի միակ նպատակն է կոտրել ընդդիմության ցանկացած փորձ, պահանջեց անհամապատասխան պատժամիջոցներ . Ժիրայր Սեֆիլյան (11 տարի), Գեւորգ Սաֆարյանը (4 տարի և 6 ամիս), Սասունիկ Կիրակոսյան (4 տարի 6 ամիս), Ներսես Պողոսյանը (4 տարի), Հրայր Թոփչյանը (3 տարի), Գալուստ Գրիգորյան (3 տարի), պետք է նաեւ ազատ արձակվեն Կարո Եղնուկյանը, Անդրեաս ՂուԿասյանը, Շանթ Հարությունյանը …

Քաղբանտարկյալներին կալանավորման մեջ պահելը ոչ թե ստատուս-քվոյի պահպանումն է, այլ աստիճանական հաստատումն է՝ օրեցօր ավելի անդրդվելի դարձող անիրավական պետության, որն իշխում է ուժաթափ դարձած հասարակության վրա,  մի պետության, որն հենց վաղն էլ կարող է անհետանալ՝  շարունակաբար անբարենպաստ աշխարհաքաղաքական համատեքստում։ Եվ վաղն արդեն շատ ուշ կլինի, հայ հասարակությունն այնքան փխրուն ու տկար դարձած կլինի, որ Հայաստանն էլ կանհետանա: Այս հարցում է նաեւ եվրոպական իշխանությունների պատասխանատվությունը՝ իր նախնիների հողի վրա մի ժողովրդի գոյատևման հարցում: Այս ամենը խոսում է քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին կատարվող յուրաքանչյուր քայլի կարեւորության մասին, ազատ արձակման՝ այնպիսի մարդկանց, որոնք երկրի ուժն ու եռանդն են, որոնք հավատ են ներշնչում  ապագայի հանդեպ, Հայաստանի ապագայի, բայց նաեւ հիմնական մարդկային արժեքների պաշտպան եւ իր պատասխանատվություններին հավատարիմ Եվրոպայի ապագայի։

Սա էլ մեր հանրահավաքի նպատակն է, ինչպես եւ Ձեզ ուղղված սույն նամակի առարկան . Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության ճանաչումը` ըստ 2012 թ.-ի Հոկտեմբերի 3-ի ԵԽԽՎ 1900 բանաձևի չափորոշիչների, և քաղբանտարկյալների ազատ արձակումը՝ ի պատասխան իր պաշտպանած արժեքներին հավատարիմ Եվրոպայի պահանջին։ Իսկ Հայաստանի համար՝ հնարավոր դարձնել ստեղծել վախից ու հուսալքությունից զերծ, խաղաղ հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր անօտարելի իրավունքների տերն է:

Երկու լիազորությամբ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեի անդամներն այսօր ներկայանում են Եվրոպայի խորհրդի նստավայրի առջև: Նրանք դիմում են եվրոպական իշխանություններին որպես Եվրոպայի քաղաքացիներ, որոնք Ստրասբուրգ են ժամանել Եվրոպայի տարբեր երկրներից: Նրանք դիմում են նույն իշխանություններին նաեւ որպես անդամները հազարամյա մի ժողովրդի, որին իր ցավալի պատմությունը զգայուն է դարձրել համամարդկային արժեքների նկատմամբ, ժողովրդի, որը քսաներորդ դարի սկզբին ցեղասպանության է ենթարկվել, ցրվել է աշխարհով մեկ ու հետո էլ ապրել է խորհրդային շրջանի ամենադժվար պահերը: Որպես Եվրոպայի քաղաքացիներ, որպես ցեղասպանությունից վերապրածների ժառանգներ, որպես Եվրոպայի հայկական սփյուռքի անդամներ, մենք դիմում ենք զորեղ ու իր արժեքներով հպարտ Եվրոպային եւ խնդրում ենք նրանից, որ պահանջի Հայաստանից քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Շնորհակալություն հայտնելով Ձեր ուշադրության համար՝ խնդրում ենք ընդունել, պարոն Գլխավոր Քարտուղար, մեր հարգանքի խորին հավաստիքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031