Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրիգոր Եղիազարյան ֆեստ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է փառատոնի արդյունքները

Մարտ 14,2018 16:07

Մարտի 5-9-ը Երևանում անցկացվեց հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը։ Նախաձեռնության կազմակերպիչը ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ամփոփելով փառատոնի արդյունքները,  ընդգծում է  նախագծի կարևորությունը։

Այս տարի փառատոնը նվիրված էր կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին, որն հայ արդի կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է և հեղինակ է մի շարք սիմֆոնիկ պոեմների, բալետների, պիեսների, ռոմանսների, թատրոնի և կինոերաժշտության։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը բարձր է գնահատում իրենց կատարած աշխատանքը, քանզի այն ուներ նեղ մասնագիտական ուղղվածություն, նպատակ ու առաքելություն։

«Փառատոնի նպատակն այն էր, որ մենք կարողանանք մեր և հասարակության  համար բացահայտել, թե ինչ արժեքներ ենք ստեղծում, իսկ այն ժառանգությունը, որով հպարտանում ենք, կարողանում ենք բերել 21-րդ դար։ Կարևորում եմ նաև, որ մեր մի փոքր մոռացված կոմպոզիտորների անունները ներկայացնում ենք նոր ֆորմատով»,- հավելում է դիրիժորը։

Գրիգոր Եղիազարյան ֆեստի ընթացքում անցկացվել են  հինգ համերգային երեկոներ, որտեղ հնչել են ոչ միայն Գրիգոր Եղիազարյանի, այլև նրա սաների, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Անցած տարիների ընթացքում ծավալուն աշխատանքներ են իրականացվել՝ թվայնացնելով հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ավելի քան 60 ստեղծագործություններ, ձայնագրվել՝ ավելի քան 200 ստեղծագործություններ։

«Գրիգոր Եղիազարյանի արխիվից շատ քչերն են պահպանվել։ Տպագիր նոտաներով եվրոպական նվագախմբերը հրաժարվում են կատարել ստեղծագործությունները և այդ պատճառով ստացվում է, որ մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման ցանկություն կա, բայց դրանք չեն իրականացվում, իսկ թվայնացված նոտաները մեկ հպումով կարելի է ուղարկել իրենց և դա նրանք ներառում են իրենց համերգային երգացանկերում, որը շատ կարևոր է։ Այս փառատոնի ընթացքում թվայնացվել է  Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, «Հայաստան»  սիմֆոնիկ պոեմը  և «Ջութակի կոնցերտը»,- նշում է հայ կոմպոզիտորների արվեստի փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը։

Հաջորդ տարին լինելու է հոբելյանական և  հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կրկին  անդրադառնալու է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031