Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՊ-ի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզ կոչվածը ԵԼՔ-ի ճանապարհային քարտեզը չէ». Գևորգ Գորգիսյան

Մարտ 14,2018 15:59

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը պարզաբանեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը ԵԼՔ-ի ճանապարհային քարտեզը չէ:

«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գորգիսյանը վստահեցրեց՝ չեն կրկնելու այն սխալները, որոնք թույլ են տվել նախկին ընդդիմությունները: Հիշեցմանը՝ պայքարի գործիքակազմի հետ կապված ԵԼՔ-ում տարաձայնություններ կան և հարցին՝ արդյոք հստակեցում մտցվե՞լ է այս հարցում, պարոն Գորգիսյանը պատասխանեց. «Երբ ԵԼՔ-ը ձևավորվում էր, մենք ի սկզբանե մեր ընտրողներին և հասարակությանը խոստացել ենք՝ չենք կրկնելու պարտության տանող ուղիները, որոնք մինչ մեզ արել են նախկին ընդդիմությունները: Տեսել ենք, որ այդ ճանապարհները փակուղի են տանում: Մենք խոստացել ենք, որ պարտության ու հիասթափության չենք տանելու քաղաքացիներին»:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզին՝ պատգամավորն ասաց, որ այնտեղ բազում թերություններ են նկատել, և հեղինակները հիմա դրանք շտկում են: Այնուհետև հավաստիացրեց՝ ԵԼՔ-ում որոշումները կայացվում են քննարկման արդյունքում. «Եթե որևէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության վրա, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»:

Գևորգ Գորգիսյանը հայտարարեց՝ մինչև հիմա բոլոր նմանատիպ գործողությունները՝ թանկացումների դեմ պայքարը, ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ, մարտի 1-ի լսումները նման ընթացակարգով են ընթացել:

Անդրադառնալով դաշինքի ներսում տեղի ունեցող ներկայիս զարգացումներին՝ պարոն Գորգիսյանը պարզաբանեց. «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որում մենք՝ դաշինքի գերակշիռ մեծամասնությունը, տեսնում է խնդիրներ, բացեր, բազմաթիվ թերություններ, և հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ»:

Ներկայացնելով դաշինքի ընդհանուր մոտեցումը՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Ընդհանուր տրամաբանությունն է ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա մենք մեր գործունեությամբ ցույց ենք տվել, նաև ցույց տալ, որ կարող ենք փոխարինել գործող իշխանություններին: Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս կոնցեպտը դեռ պահպանվում է, բայց դեռ մանրամասների քննարկման չենք անցել: Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք. դա ԵԼՔ-ի ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի, և նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել: Հեղինակների առաջ այդ թերությունները բարձրաձայնվել են, և նրանք հիմա փորձում են շտկել այն ու լուծումներ գտնել»:

Հարցին՝ ԵԼՔ-ը կդիմի՞ արմատական քայլերի ու լուծումների, Գևորգ Գորգիսյանն այսպես արձագանքեց. «Որևէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031