Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:
Այսօր որպես վկա պետք է հարցաքննվեր ոստիկան Վահան Կարագյոզովը, սակայն մինչ նա կմոտենար ամբիոնին, ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն ահազանգեց, որ նախորդ նիստերից մեկում նա ներկա է գտնվել դահլիճում ու լսել մյուս վկաների հարցաքննությունը, ինչն օրենքով թույլատրելի չէ: Սիմոնյանը նկատեց՝ «Սարի թաղի գործը» մի քանի մասի է բաժանված, բայց նույն գործն է, ուստի անթույլատրելի է, երբ գործի մի մասով անցնող վկան լսում է, թե մյուս մասով անցնող վկան ինչ է ասում դատարանում:
Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ նշեց. «Տպավորություն է, որ վկաները նույն հանգամանքի շուրջ կարող են նստել-լսել ու հետո ցուցմունք տալ: Մի՞թե սա է արդարադատությունը: Վկան առհասարակ չպետք է տեղյակ լինի, թե մյուս վկաներն ինչ են ասում դատարանում»:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մատնանշեց՝ հայտնի չէ, թե որ նիստի ժամանակ է այդ վկան ներկա եղել, նման փաստական տվյալներ չկան, ուստի նա կարող է հարցաքննվել:
Ապա Վահան Կարագյոզովը մոտեցավ ամբիոնին: Ամբաստանյալներից Էդուարդ Զեյթունյանն ինչ-որ բան ասաց իր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին, ինչից հետո դատավորը, ի զարմանս պաշտպանների, նախազգուշացում տվեց Զեյթունյանին՝ գտնելով, որ նա առանց դատավորի թույլտվության՝ տեղից խոսել է: Զեյթունյանը դատավորի որոշումից զարմացավ ու պնդեց, որ նիստի ընթացքը չի խանգարել: Դատավորը, սակայն, որոշեց նրան մեկ ժամով հեռացնել նիստերի դահլիճից: «Չեմ էլ գալու»,-վրդովված բղավեց Զեյթունյանը, որին ոստիկանները հեռացրին:
Դատավորի որոշումը հաշվի առնելով՝ պաշտպաններ Գրիշա Բալասանյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը նրա դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: «Դուք ուղղակիորեն շահագրգռված եք այս գործի ելքով ու անձնական հակակրանք ունեք: Անգամ անձը հաստատող փաստաթուղթ չպահանջեցիք վկայից»,-ասաց Սիմոնյանը:
Բալասանյանն էլ շարունակեց. «Զեյթունյանն ընդամենն իր պաշտպանի հետ խորհրդակցում էր ու տեղեկացնում, որ դուք անձնագիր չեք ուզել: Նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում, որ խորհրդակցելու համար կարելի է նախազգուշացում տալ ամբաստանյալին, իսկ հետո՝ հեռացնել նիստերի դահլիճից: Սա դատական գործ է, որը «սիմպածիայով» եւ լավ տրամադրությամբ չպետք է կայանա: Լավ տրամադրություն չունեք՝ սանկցիա եք կիրառում»:
Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատավորն իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշում կայացնի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ