Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արթուր Դավթյանը պարտակում է Րաֆֆի Ասլանյանի եւ Գեւորգ Կոստանյանի կերած կեղտերը». Ռուզաննա Ադանալյան

Մարտ 14,2018 14:43

25-ամյա որդուն՝ Արտյոմ Ադանալյանին կորցրած մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ցույց էր անում՝ պահանջելով արդար դատաքննության: Ըստ նրա, որդու սպանությունը պատվիրված է, իսկ իրավապահ մարմինները, դատական իշխանությունները փաստերը կոծկում են՝ հովանավորելով պատվիրատուներին:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գործում Հովհաննես Թոփչյան՝ Կոփչիկ մականունով անձ է եղել՝ Գյումրիի բնակիչ. «Իրենք փախցրել են Կոփչիկին, ոստիկանության ձեռքի տակ աշխատող մի կերպար է, Կոպչիկի շորերի մանրաթելերը կան իմ որդու հագուստի մանրաթելերի վրա, այն, ինչ ասում եմ, բոլոր ապացուցները կան գործի մեջ, պատրաստ եմ յուրաքանչյուր բառիս համար պատասխան տալու: Իրենք թաքցնում են այդ ամեն ինչը, որովհետեւ իրավապահ մարդիկ են կազմակերպել այդ սպանությունը: Նրանք կարո՞ղ են տանեն Րաֆֆի Ասլանյանի վրա քրեական գործ հարուցեն, կամ տանեն ոստիկանության պետի վրա քրգործ հարուցեն: Սպանել՝ սպանել են, մտածում են՝ խի՞ տանեն իրենց գործընկերներին վարի տան: Սա է իրենց մարտավարությունը: Դատախազը շատ լավ տեղյակ է այս ամեն ինչից եւ ինձ չի ընդունում, անընդհատ վարչության պետեր են ընդունում, տեղակալներ: Ոչ մի բան չեն ասում, մենակ խոստանում են, որ մեղադրանքը պաշտպանող դատախազը որեւէ գործողություն կկազմակերպի եւ իր իրավասության սահմաններում դատարանում այլ քայլերի կդիմի: Այսինքն, կան մարդիկ, որոնց պետք է մեղադրանք առաջադրվի, չի առաջադրված, նմանատիպ այլ գործողություններ… ասում են, գրավոր տվել են, բայց ոչ մի բան չեն անում: Սոսկ ձեւական տալիս են: Սրանք բան անող չեն, իրե՛նք են պարտակում»

Ադանալյանը սկսեց քննադատել հատկապես ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին. «Կոնկրետ Գեւորգ Կոստանյանի դատախազ աշխատելու ժամանակ է տեղի ունեցել որդուս սպանությունը եւ Րաֆֆի Ասլանյանի: Հիմա Արթուր Դավթյանը պարտակում է Րաֆֆի Ասլանյանի եւ Գեւորգ Կոստանյանի կերած կեղտերը: Ես իմացել եմ, որ դատախազությունում եւ ընդհանրապես իրավապահ համակարգում իրենք էլ ունեն լավ տղա հասկացությունը: Եթե դատախազը  նախկին դատախազի հանցագործությունները դուրս է հանում, ուրեմն ինքը լավ տղա չի, իսկ եթե պարտակում է, ուրեմն լավ տղա է: Ես եկել եմ Արթուր Դավթյանին ասեմ, որ եթե դու պարտակում ես Գեւորգ Կոստանյանի, Րաֆֆի Ասլանյանի մարդասպանության հանցավոր գործողությունները, դու ոչ թե լավ տղա ես, դու շատ վատ մարդ ես: Ես հարցազրույցների ժամանակ լսել եմ, որ Արթուր Դավթյանն ասում է, որ ինքը աստվածապաշտ է, Աստծուն հավատում է, բա ո՞ւր է: Աստվածապաշտ դատախազին եկել եմ, որ նայի աչքերիս մեջ ու ասի՝ որդուս սպանողին ինչի՞ ես պարտակում»:

Նա ասաց, որ հիմա արդեն չի խնդրում, որ գլխավոր դատախազն իրեն ընդունի, այլ պահանջում է, Դավթյանը պարտավոր է իրեն ընդունել. «2014-ից մինչեւ այսօր աղաչում-պաղատում եմ, օրենքներ եմ վկայակոչում, հիմա դատախազության մասին կանոնակարգի հոդվածներն եմ հանում ու ասում եմ՝ դու, գլխավոր դատախազ, այդ կանոնակարգի համաձայն պարտավոր ես ինձ ընդունել»:

Հարցին՝ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք դժգոհությունն անձամբ իրեն փոխանցել՝ Ադանալյանը պատասխանեց, որ Կոստանյանը նույնպես իր հետ չի ուզել հանդիպել. «Շատ եմ խնդրել, բայց հանդիպումներ եղել են մենակ վարչության պետերի հետ»:

Հիշեցնենք, որ դատախազությունը պարզաբանում է տարածել Ռուզաննա Ադանալյանի պնդումների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. « ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031