Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարճաժամկետ հեռանկարում Սիրիայում ականատես կլինենք ռազմական լուրջ էսկալացիայի». Արմեն Պետրոսյան

Մարտ 14,2018 13:55

Չնայած Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, երկրի որոշ տարածքներում ռազմական գործողությունները չեն դադարում: Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները հայտնում են, որ հայտարարված հրադադարի պայմաններում Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման իրական վտանգ կա:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ սիրիական հակամարտության ամբողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները տևական արդյունավետություն չեն ունենում և անգամ օգտագործվում են որոշ դերակատարների կողմից՝ նեղ շահերի պահպանման նպատակով.

«Վերջին 2-3 օրվա ընթացքում տեղի ունեցած գործընթացներն էլ փաստում են, որ այդ գնահատականներն արդարացված են, այսինքն՝ լուրջ, առարկայական արդյունքներ ունենալ հնարավոր չէ: Պատճառն այն է, որ բավականին սրված են և´ արտաքին, և´ ներսիրիական գրեթե բոլոր դերակատարների միջեւ հարաբերությունները»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը Սիրիայում հիմնականում գործել է 2017 թ. մայիսից Աստանայի ձևաչափի շրջանակներում հաստատված դե-էսկալացիոն 4 գոտիների ռեժիմը, որն էլ մի քանի ամիս ունեցավ շոշափելի արդյունքներ: Դրանք որոշ չափով դրսևորվել էին հյուսիսային, կենտրոնական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսի և հարավային Դարաա նահանգի որոշ հատվածներում.

«Հունվարից արդեն այս ռեժիմը չի գործում: Պատճառը նախ և առաջ հակամարտության մեջ ներգրավված արտաքին և ներքին դերակատարների՝ իրենց դիրքերն ամրապնդելու և վերահսկողության գոտիներն ընդլայնելու ցանկությունն է: Դրա համար էլ կան փոխադարձ համընկնող շահեր թե´ ներքին, թե´ արտաքին խաղացողներից շրջանում. խոսքը հատկապես հակակառավարական խմբավորումների և դրանց արտաքին հովանավորների մասին է»:

Արաբագետը նշում է՝ 2016 թ.-ի վերջից և 2017-ի ընթացքում սիրիական կառավարական ուժերն ու նրանց հովանավորները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Իրանը և նաև Թուրքիան համագործակցելով էականորեն ամրապնդել էին իրենց դիրքերը.

«Այս համատեքստում, հակաասադական ճամբարի դերակատարներին (ԱՄՆ-ի գլխավորությամբ) անհրաժեշտ է սրել իրավիճակն ու ընդլայնել կամ գոնե վերականգնել այն դիրքերը, որոնք կային մինչեւ 2016-17 թթ.: Սրանով է նաև պայմանավորված, որ հակամարտությունն ակտիվացել է Սիրիայի ամբողջ տարածքում, որտեղ կան սահմանագծեր տարբեր հակամարտ կողմերի միջեւ»:

Լարված իրավիճակ է նաև դիվանագիտական հարթությունում: Հակամարտության մեջ ներգրավված կողմերը շարունակում են լարվածության սրացման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել:

«Երբ արդեն հրադադարի որոշումն ընդունվել է, մեր արեւմտյան գործընկերները փորձում են ցույց տալ, թե ինչը դրանում գրված է, վերաբերում է բացառապես Դամասկոսին ու Մոսկվային, և իբր դրա արդյունավետ իրականացումը կախված է մեր երկրի կամքից: Իսկ նրանք, որ չեմպիոններ են մարդասիրության մեջ, կարծում են, թե ունեն հումանիզմ քարոզելու բացառիկ իրավունք… որտե՞ղ էիք դուք, երբ ամերիկյան օդուժը երկրի երեսից ջնջում էր Ռաքքան»,- նշել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ հակամարտության՝ Սիրիայի տարածքներից դուրս գալու իրատեսական հիմքեր չկան, և ավելի առարկայական են հատկապես արտաքին դերակատարների հարաբերությունների սրումը կամ ուղղակի բախումների վտանգը հենց Սիրիայի տարածքում.

«Ուղղակի բախման հավանականություն կա Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջեւ: Վերջին շրջանում բավականին հաճախ տեսնում ենք նաեւ բախումներ Իրանի ու Իսրայելի միջեւ: Լուրջ սրացումներ հնարավոր են Միացյալ Նահանգների և Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Իրանի հարաբերություններում»:

Արաբագետը չի բացառում նաեւ քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպերի հրահրումը: Այսինքն՝ «այնպիսի իրավական ու իրավիճակային հիմքերի ստեղծումը, որոնք թույլ կտան միջազգային դերակատարներին՝ իրականացնել և´ իրավական, և´ մարդասիրական տեսանկյունից ավելի փաստարկված և ընդլայնված գործողություններ»:

Սլավա Բադալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031