Այսօր լրագրողները ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս հարցրեցին՝ ապրիլին մեզ մոտ վարչապետ են ընտրելու եւ ավելի քան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է առաջարկվելու, որքանո՞վ է ՌԴ նախագահը հավասար գործընկեր դիտարկում Սերժ Սարգսյանին եւ որքանով է երկխոսություն ծավալվում: Կոնստանտին Կոսաչովը պատասխանեց, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի ցանկությամբ, նրանք կողմ են եղել փոփոխություններին, հետեւաբար ՌԴ-ի համար դա Հայաստանի ընտրությունն է, որը մենք հարգում ենք:
Իսկ կադրային փոփոխությունների մասով նա ասաց, որ դրանք չեն մեկնաբանի, քանի դեռ չեն եղել. «Դրանք Հայաստանի ներքին գործերն են, ձեր սուվերեն իրավունքն է եւ վստահ եմ, որ կարվեն ժողովրդավարական ճանապարհով՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան եւ այն վստահաբար 100 տոկոսով կհարգվի ՌԴ-ի կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ