Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսաչովի պատասխանը, թե ինչու են հայերին ՌԴ-ից դեպորտ անում, մեր վարորդներին մերժում եւ թշնամուն զենք վաճառում

Մարտ 14,2018 13:40

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր համատեղ ասուլիսով հանդես եկան:

Aravot.am-ը Կոսաչովին հարցրեց՝ մի կողմից դուք ասում եք, թե Հայաստանը հատուկ ռազմավարական գործընկեր է ՌԴ-ի համար, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք ՌԴ-ի քաղաքականությունը, օրինակ, մեր հայ վարորդների նկատմամբ, տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարվում վարորդական իրավունքի հարցում, ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին դեպորտ եք անում, դրան էլ հավելած՝ ՌԴ-ն շարունակում է մինչեւ ատամները զինել մեր հակառակորդին, ինչպե՞ս եք դա դուք բացատրում:

Կոսաչովը պատասխանեց, որ նման հարցադրումները չի ընդունում, բացառությամբ հարցի այն հատվածի, որ Հայաստանն իսկապես ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է հանդիսանում: Նա ասաց, թե ինչպես է ՌԴ ղեկավարությունը վերաբերվում ՀՀ-ին, հայ-ռուսական հարաբերություններին: Ինչ վերաբերում է առանձին չլուծված հարցերին, դրանց համար փորձում են համապատասխան լուծումներ գտնել:

Արմեն Աշոտյանն էլ ի պատասխան հավելեց, որ իրականության մեջ ՀՀ-ն ոչ մի այլ երկրի կամ միջազգային կառույցի հետ չունի ռազմաքաղաքական եւ տնտեսական, մշակութային հարաբերությունների այն ծավալը, պոտենցիալը, անցյալն ու ապագան, ինչպես ունի ՌԴ-ի հետ. «Անգամ ամենաերջանիկ ընտանիքների դեպքում շատ կարեւոր է, որ ընտանիքի բոլոր անդամները կարողանան գնահատել իրար եւ կարողանան աշխատել այդ երջանկության վրա: Առավել եւս քաղաքականության մեջ գործընկերության եւ ռազմավարական դաշնակցության մեջ շատ կարեւոր է նաեւ ռուսական քաղաքական ուղիղ երկխոսությունը: Եվ այս խորհրդարանական ձեւաչափն ուղղված է նրան, որ որեւէ փակ թեմա, որը հուզում է մեր ռուս կամ հայ գործընկերներին, չմնա չքննարկված: Հավաստիացնում եմ ձեզ, ձեր հարցում հնչած սուր գնահատականները մի մասն էին այն բուռն դիսկուսիաների, որ մենք ունեցանք մեր ռուս գործընկերների հետ, որովհետեւ եթե անկեղծ խոսենք, ապա նման տոնայնությամբ հարցադրումներ կարող են լինել նաեւ ռուսական կողմից՝ այլ շեշտադրումների հետ կապված»:

Աշոտյանն ասաց, որ վստահության այն բարձր մակարդակն ունեն ռուսական կողմի հետ, որ կարողանում են ոչ միայն ասել, այլեւ լսել իրար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031