Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում չեն ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդացնել

Մարտ 14,2018 13:35

Առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես հայտնի է, չորս թեկնածու է գրանցվել, որոնցից մեկն Իլհամ Ալիեւն է, մյուս երկուսն էլ կոչ են արել` ընտրել Ալիեւին: Թեկնածուներից մեկն ասել է` եթե ես ընտրող լինեի, կընտրեի Իլհամ Ալիեւին: Այսօր «Նոյյան տապան» մամուլի սրահում անդրադառնալով եկող ամիս Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ այդ թեկնածուները ժողովրդավարության ֆոն են ապահովելու, քանի որ մեկ հոգով հնարավոր չէ ժողովրդավարություն խաղալ:

Փորձագետի կարծիքով, նախընտրական իրավիճակը Ադրբեջանում շարունակում է նույնը մնալ: Հիմնական ընդդիմադիր ուժերը որոշել էին բոյկոտել այդ ընտրությունները, բայց բոյկոտն էլ չստացվեց, քանի որ նրանց ետեւից շատ քիչ մարդ է գնում`տարբեր պատճառներով: «Փաստացի, նրանք որեւէ գործընթաց փոխելու ունակ չեն»,- ասաց բանախոսը:

Հիշեցնենք, մարտի 10-ին ընդդիմադիրները Ադրբեջանում ցույց անցկացրեցին: Փորձագետի կարծիքով, այն այդպես էլ չկարողացավ միասնական դառնալ. «Խոշոր շարժումներից «Ռեալ» շարժումն է, որի առաջնորդ Իլգար Մամեդովը համարվում է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը, չի մասնակցել ցույցին: Ասել են, որ իրենց կարծիքով այսօր Ադրբեջանում ցույցերով որեւէ բան փոխել անհնար է: Ասել են, որ ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի, եթե 50-60-100 հազար մարդ գնա ցույցի»: Վերլուծաբանը տարակուսում է, որ իրեն խոշոր ընդդիմադիր համարող ուժը ցանկանում է ալիքի վրա ինչ-որ բան փոխել: Իր համար առնվազն անհասկանալի է, եթե խոշոր ուժը չի մասնակցում բողոքի ակցիաներին, ինչպե՞ս պետք է ալիքը ձեւավորվի:

Ցույցին մասնակցում էին «Մուսաֆաթ» կուսակցությունը, «Ժողովրդական ճակատը»: Ցույցը հին մարզադաշտում էին անցկացնում, որին գրեթե մարդ չէր մասնակցում: «Եթե սահմանադրական փոփոխությունների ցույցերը որոշակի շարժ առաջացրին Ադրբեջանում, այսօր ոչինչ չեղավ»,- ասում է Տարոն Հովհաննիսյանը: Ինքը օբյեկտիվ պատճառ է տեսնում`Ադրբեջանում վախի մթնոլորտ կա, իշխանությունը ամեն լծակ գործի դրեց, որ բողոքի ակցիան չտարածվի. այս անգամ ցույցը ուղիղ եթերով էլ հնարավոր չէր հեռարձակել, կապն արգելափակված էր:

Հիշեցնենք, Ադրբեջանում կայանալիք ընտրությունները կդիտարկի ԵԱՀԿ\ԺՄԻԳ-ը 310 դիտորդով: Կառույցի երկարաժամկետ առաքելությունն արդեն Ադրբեջանում է: Փորձագետը կրկին տարակուսում է`քանի որ ընտրությունները հոկտեմբերից տեղափոխվեցին ապրիլ եւ ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեն դիտորդները դիտարկումներ անելու, հնարավոր չի լինելու օպտիմալ աշխատել եւ իրական պատկեր ներկայացնել:

Եվրախորհրդարանը, հիշեցնենք, հրաժարվել է դիտորդներ ուղարկել: ԵԽԽՎ-ն հուլիսին Ադրբեջանի մասով զեկույց պիտի հրապարակի. Ասել էին`այդ զեկույցում համապարփակ կանդրադառնանք: Իսկ տարեվերջին էլ նախատեսված է ԵՄ-Ադրբեջան փաստաթղթի ստորագրումը: «Երեւի չեն ցանկացել գործընթացները բարդացնել»,-ասում է վերլուծաբանը`նկատելով` քանի որ եթե դիտարկեն ընտրությունները`ժողովրդավարության մասով խնդիրներ կան: Բայց իր համար նաեւ հասկանալի չէ, թե ինչպե՞ս պետք է անաչառ զեկույց ներկայացնեն, եթե չեն մասնակցում հիմնական քաղաքական միջոցառմանը:

Այսպիսով, Տարոն Հովհաննիսյանի կանխատեսմամբ, Իլհամ Ալիեւը վատագույն դեպքում 80+1 տոկոսով կհաղթի ընտրություններում, լավագույն դեպքում` 90+1 տոկոսով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031