Մարտի 14-ին, 0 ժամ 30-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհից դեպի Նոյեմբերյան քաղաքի սուպերմարկետ թեքվելով `ազգությամբ վրացի վարորդը ջարդել է Նոյեմբերյանը սնուցող գազատար խողովակը: Դրա հետեւանքով քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է եւ մինչ այժմ բնական գազ չի ստանում:
Մարտի 14-ի առավոտյան ժամը 8-ն անց 30-ից Տավուշի գազամատակարարման եւ գազաֆիկացման մասնաճյուղի Նոյեմբերյանի տարածքային տեղամասի աշխատակիցները ձեռնամուխ են եղել վթարի վերացման աշխատանքներին:
Տեղամասի պետ Սուրեն Մարգարյանը հայտնեց, որ պոկվել է մոտ 25 մ երկարությամբ գազատար խողովակ: Նրա վկայությամբ` ապահովագրական այն ընկերությունը, ոը ապահովագրել է վրացու բեռնատարը, կփոխհատուցի գազատարին պատճառված վնասը:
Ս. Մարգարյանը հայտնեց, որ իրենց աշխատակիցները վթարը վերացնելու ուղղությամբ բավական աշխատանք են կատարել, մարտի 14-ի ժամը 13.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի գազամատակարարումը կվերականգնվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ