2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով հերթական դատական նիստում այսօր շարունակվեց գործում առկա տեսանյութերի զննության արձանագրությունների հրապարակումը:
Գնդի գրավված լինելու օրերին ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում նկարահանումներ է իրականացրել գնդի շարահրապարակի, հսկիչ-կետի եւ Խորենացի փողոցի հատվածներում: Տեսանյութերից պարզ է, որ խմբի անդամներից մի քանիսը պարբերաբար դուրս են եկել գնդի տարածքից, շրջել Խորենացի փողոցով, քայլել դեպի Գլինկայի փողոցի հատված:
Տեսագրություններում երբեմն երեւացել են նաեւ այդ օրերին պատանդառված՝ Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը եւ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք «Սասնա ծռերից» մի քանիսի ուղեկցությամբ, որոնք զինված են եղել ատրճանակներով եւ ինքնաձիգերով, քայլել են մի շինությունից մյուսը եւ եղել են մարտաբաճկոնով, ինչպես եւ ՊՊԾ գունդը գրավածները:
Մեկ այլ տեսագրության համաձայն՝ ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Գագիկ Եղիազարյանը (լուսանկարում) եւ Արեգ Կյուրեղյանը դուրս են եկել ՊՊԾ գնդի հսկիչ-անցագրային կետից, քայլել դեպի Էրեբունու ոստիկանության շենքի ուղղությամբ, որը մոտ է հսկիչ-անցագրային կետին, ապա վերադարձել՝ ձեռքներին ինչ-որ արկղ եւ փաթեթ:
Մեկ այլ տեսանյութում էլ երեւում է, որ ՊՊԾ գունդը գրաված եւ ոստիկանության հետ փոխհրաձգության հետեւանքով վիրավորվածներին օգնություն ցույց տալու համար գնդի տարածք մտած երկու բուժաշխատողները դուրս են գալիս Պավել Մանուկյանի ուղեկցությամբ ու հեռանում:
Տեսանյութերում նաեւ արձանագրվել է, որ խմբի անդամներից մի քանիսը մոտեցել ու զրուցել են ՊՊԾ գնդին հարակից բնակելի տների մի քանի բնակիչների հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ