Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեղատների վահանակները կանաչ լույս են վառում վարորդների առաջ. «Հայոց Աշխարհ»

Մարտ 14,2018 11:58

Օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին, ասելով, թե կանաչ լույսը հատկապես երեկոյան եւ գիշերային ժամերին թյուրիմացության մեջ է գցում վարորդներին, շեղում ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով ակամայից խախտել ճանապարհային կանոնները:

Քաղաքապետը վարորդների դժգոհությունը հիմնավոր է համարել եւ իրավասուներին հանձնարարել ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով` քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում խնդիրը կարգավորելու համար:

Ըստ ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ. «Վարորդների համար դեղատների վահանակներն իսկական թակարդ են, հատկապես երբ լուսացույցն աննկատ տեղում է լինում, եւ վարորդները վահանակների կանաչ լույսը շփոթում են լուսացույցի կանաչ լույսի հետ:

Երեւանի գրեթե բոլոր խաչմերուկներում մեկ կամ ավելի դեղատուն է գործում։ Փաստորեն ամեն քայլափոխին վարորդը պետք է լարված ու զգոն լինի, որ դեղատների վահանակների լույսը չշփոթի լուսացույցի լույսի հետ: Իսկ այդ լույսը սովորաբար շատ վառ է լինում եւ անմիջապես աչք է ծակում:

Այս խնդիրը նոր չէ, մենք վաղուցվանից ենք դա ներկայացրել քաղաքապետարանին, ճանապարհային ոստիկանությանը, սակայն մինչ օրս դրան պատշաճ ուշադրություն չեն դարձնում. Հայաստանում համապատասխան օրենք կամ որոշում չկա, որով կարգելվի հատկապես խաչմերուկների մոտ տեղակայված դեղատներին իրենց կանաչ լուսավորությամբ ցուցանակները մայթեզրերին եւ երթեւեկության համար անցանկալի հատվածներում տեղադրել:

Այդ վահանակները հատկապես մութ ժամանակ թյուրիմացության մեջ են գցում վարորդներին, ովքեր կանաչ լույսը որպես բաց ճանապարհի ազդանշան ընկալելով՝ խախտում են երթեւեկության կանոնները՝ չենթարկվելով հազիվ երեւացող լուսացույցի կարմիր ազդանշանին, նաեւ վթարավտանգ վիճակներ ստեղծելով»:

Ողջունելով քաղաքապետի որոշումը՝ վարորդների շահերի պաշտպանն այնուամենայնիվ այն ուշացած է համարում, ասելով, որ տարիներ շարունակ շատ վարորդներ տուժել են որոշման բացակայության պատճառով՝ տուգանվելով կամ վթարի ենթարկվելով:

Հարցին ի պատասխան, թե քանի՞ վարորդ է տուգանվել միայն վահանակների կանաչ լույսը լուսացույցերի հետ շփոթելու հետեւանքով՝ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ հստակ վիճակագրություն գոյություն չունի, սակայն փաստ է, որ իրենց կազմակերպություն վարորդները նաեւ այդ խնդրով են դիմում եւ փորձում օգնություն ստանալ դատարաններում տուգանքները բողոքարկելու հարցում. «Բողոքներ շատ են լինում վարորդներից: Բայց շատերը չէ, որ դիմել են մեզ տուգանքները դատական կարգով բողոքարկելու համար: Մոտ 10-15 նման դեպք ենք բողոքարկել մեր կազմակերպության միջոցով:

Բայց վարորդների իրավունքները պաշտպանող մի քանի կազմակերպություն եւ կառույց կա, որոնք նույնպես իրենց վիճակագրությունը կունենան:

Եվ հետո, շատերը վճարում են տուգանքները՝ առանց բողոքարկելու: Դրանց մասին չենք կարող իմանալ: Իսկ դեղատների պատճառով տուժած վարորդների խախտումների վերաբերյալ ընդհանուր վիճակագրություն գոյություն չունի: Բայց եթե ի վերջո անգամ քաղաքապետն է անդրադարձել խնդրին, նշանակում է՝ երեւույթն իրոք անհանգստացնող է»:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031