Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Մարտ 14,2018 11:42

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:

Հանրային քննարկման բանախոսներն էին՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական և արդար միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և համադրող, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի խորհրդի անդամ Կիրո Մանոյանը:

Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասն իր իրավական փաստարկն սկսեց՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի մեջբերմամբ, որը սահմանում է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:

Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետ դե Զայասն ընդգծեց, որ համաձայն ՄԱԿ-ի երկու պայմանագրերի, «ինքնորոշման իրավունքի կրողներ են Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, որոնց ոչ միայն արգելված է խոչընդոտել իրավունքի կիրառմանը, այլև պիտի ակտիվորեն «նպաստեն» դրա իրականացմանը…. Նրանք ոչ միայն պետք է հարգեն այդ իրավունքը, այլև իրականացնեն այն: Ավելին, ժամանակակից միջազգային իրավունքի մեջ ինքնորոշումը erga omnes [բոլորի նկատմամբ] պարտավորություն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ու Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի անթիվ բանաձևերում: Ժողովուրդների լիազորությունը՝ օգտվելու մարդու իրավունքներից առանց խտրականության և իրականացնելու որոշակի աստիճանի ինքնիշխանություն, խիստ կարևոր է ազգային և միջազգային կայունության համար: Այլապես, մեծ է հակամարտության հավանականությունը»:

Հատկանշական է, որ պրոֆ. դե Զայասը շեշտեց՝ «Չնայած ինքնորոշումը ի հայտ է եկել որպես jus cogens [պարտադիր օրենք] իրավունք, որը գերակա է միջազգային իրավունքի այլ սկզբունքների նկատմամբ, ներառյալ տարածքային ամբողջականությունը, սակայն այն ինքնըստինքյան չի կիրառվում»: Պրոֆ. դե Զայասը «ինքնորոշման օրինական հավակնորդների» թվում նշեց քրդերին, սահարավիներին, պաղեստինցիներին, քաշմիրներին, Բիաֆրայի իգբոներին և Շրի Լանկայի թամիլներին: Նա որպես օրինակ նշեց նաև «Լուգանսկի և Դոնեցկի ռուս-ուկրաինական կազմավորումները, Պրեդնեստրովիան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Արցախի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսիան… ժողովուրդներ, որոնք ինքնորոշման են հասել իրական անջատման միջոցով պետական միավորներից, որոնց հետ մինչ այդ կապված էին, սակայն նրանց միջազգային կարգավիճակը մնում է անորոշ՝ մեծ տերությունների միջև քաղաքական վեճերի և հետևաբար միջազգային ճանաչման բացակայության պատճառով»:

Պրոֆեսոր դե Զայասը հավելեց, որ ինքնորոշման ձգտող ժողովուրդները «մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի լիակատար պաշտպանության իրավունք ունեն: Փակուղուց կարելի է դուրս գալ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ ինքնորոշման դեմ զինված ուժի կիրառումը կարող է խախտել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում `ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների դաշնագրերը և Ժնևի Կարմիր խաչի համաձայնագրերը»:

Դե Զայասը պնդում է, որ «եթե անջատման անհետաձգելի պահանջ կա, ամենակարևորը՝ պետք է խուսափել ուժի կիրառումից, որը կվտանգի տեղական, տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և ավելի կվատթարացնի մարդու այլ իրավունքներից օգտվելու իրավունքը»: Բացի դրանից, «ինքնորոշման իրականացումը չի վերաբերում միայն շահագրգիռ պետության ներքին իրավասության շրջանակներին, այլ հանդիսանում է միջազգային հանրության օրինական մտահոգություն»:

Պրոֆեսոր դե Զայասը բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն արտաքին հարձակման դեպքում. «Սկզբունքը նախատեսված չէ ներքին կիրառման համար, քանի որ դա ինքնաբերաբար կվերացնի ինքնորոշման jus cogens [պարտադիր օրենք] իրավունքը։ Ինքնորոշման իրավունքի ամեն մի փորձ, որը հանգեցնում է անջատման, առաջացնում է նախորդ պետական ​​միավորի տարածքային ամբողջականության փոփոխություն: Բազմաթիվ նման նախադեպեր կան»:

Պրոֆ. Զայասի կարծիքով, չպետք է խտրականություն լինի ինքնորոշման ձգտող ժողովուրդների միջև. «Նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և նախկին Հարավսլավիայի ժողովուրդների անջատումը կարևոր նախադեպեր են ստեղծում ինքնորոշման իրագործման համար: Այս նախադեպերը չեն կարող անտեսվել ժամանակակից ինքնորոշման ծագող վեճերի դեպքում: Հնարավոր չէ «այո» ասել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի ինքնորոշմանը, այնուհետև «ոչ» ասել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնորոշմանը: Այս բոլոր ժողովուրդները ունեն մարդու միևնույն իրավունքները և չպետք է խտրականության ենթարկվեն: Ինչպես հաջող հավակնորդների դեպքում, այս ժողովուրդները ևս միակողմանիորեն անկախություն են հռչակել: Ընդհանրապես որևէ արդարացում չկա նրանց մերժելու՝ ընտրողաբար կիրառելով ինքնորոշման իրավունքը և մակերեսային զանազանումներ անելով, որոնք անօրինական են կամ անարդար»։

Նրանց համար, որոնք զուգադրում են տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման սկզբունքի հետ, պրոֆ. դե Զայասը հակադարձեց. «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնավոր արդարացում չէ ներքին հակամարտությունների հավերժացման համար, որը կարող է խորանալ և վերաճել քաղաքացիական պատերազմի, դրանով իսկ սպառնալով տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Վերջում, պրոֆ. դե Զայասը առաջարկեց, որ «21-րդ դարում կայուն ներքին և արտաքին խաղաղության ապահովման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի վաղ ահազանգման նշաններին և ստեղծի հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ: Ժողովուրդների միջև երկխոսությանն աջակցությունը և ժամանակին հանրաքվեի կազմակերպումը՝ ազգային և միջազգային հարաբերությունների խաղաղ զարգացման միջոցներն են։ Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը պետք է պարտադիր լինի, ոչ թե բացառություն։ Եզրափակելով, թույլ տվեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հռչակել որպես ժողովրդավարության արտահայտություն, քանի որ իսկապես՝ ժողովրդավարությունը ինքնորոշման ձև է»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031