Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրեմմիի, Էմմիի, Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը

Մարտ 14,2018 10:44

 Էնթոնի Վիթը Լեհաստանի ամենահայտնի և հարգարժան դիրիժորներից է:

1971թ.-ին մաեստրո Վիթն արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի բարձրագույն մրցանակին և Զալցբուրգի Զատկի փառատոնի ժամանակ եղել է Կարայանի ասիստենտը:

2001-2013 թթ.-ին եղել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, մինչ այդ հանդես է եկել Լեհաստանի առաջատար բոլոր նվագախմբերի հետ՝ երկար տարիներ ղեկավարելով դրանք, որպես գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ներկայումս Էնթոնի Վիթը Նավարրայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է (Իսպանիա) և Կրակովի ֆիլհարմոնիկի պատվավոր դիրիժորը (Լեհաստան):

Էնթոնի Վիթը բավականին տիտղոսակիր արվեստի գործիչ է: Նշենք միային մի քանիսը՝ Լեհաստանի Արվեստի վաստակավոր գործիչ, Լեհաստանի վերածննդի «Ասպետական Խաչ» (1985թ.) և «Commander’s Cross» շքանշանակիր (2000թ.), «Officer’s Cross» շքանշանակիր Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (2006), Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի ասպետ (2015):

Մաեստրո Վիթը յոթ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Պենդերեցկու «Սբ. Ղուկասի կրքեր» (2004թ.), «Լեհական Ռեքվիեմ» (2005թ.), «Երուսաղեմի յոթ դարպասներ» (2007թ.) և Շիմանովսկու «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունների ձայնագրությունների համար (2008թ.): «Գրեմմի» մրցանակ է ստացել Պենդերեցկու «Fonogrammi», «Գալարափողի կոնցերտ», «Պարտիտ», «The Awakening of Jacob», «Anaklasis» ստեղծագործությունների ձայնագրության համար (2013թ., Naxsos ֆիրմա):

200-ից ավելի ալբոմներ է ձայնագրել EMI, Sony, CBS, Decca, Camerata Tokyo, NVC Arts, Pony Canyon, EBS Recordings, Naxos և Polskie Nagrania ֆիրմաներում: Վիթը այն քիչ դասական երաժշտության կատարողներից է, որի ալբոմները վաճառվել են ավելի քան 5 միլիոն օրինակով:

Naxos ֆիրմայի ձայնագրություններից Պրոկոֆևի Դաշնամուրի կոնցերտը՝ Կուն Վու Փայքի կատարմամբ արժանացել է Diapason d’Or և Grand Prix de la Nouvelle Académie du Disque մրցանակներին: Շիմանովսկու Stabat Mater-ի ձայնագրության համար Էնթոնի Վիթը 1985թ.-ին արժանացել է Էմմի ֆիրմայի «Տարվա ձայնագրություն» մրցանակին: 2002թ.-ին արժանացել է Կաննի Classical Award մրցանակին Մեսիանի «Տուրանգալիլա» սիմֆոնիայի կատարման համար: Տարբեր պարգևների են արժանացել նաև Էնթոնի Վիթի կատարած Շիմանովսկու գործերի լիակատար հավաքածուի ձայնագրությունը և Գորեցկու «Կոնցերտ–կանտատ»-ի պրեմիերայի ձայնագրությունը:

Էնթոնի Վիթը հանդես է եկել Եվրոպայի, Ամերիկայի և Հեռավոր Արևելքի հեղինակավոր նվագախմբերի հետ (Դրեզդենի ֆիլհարմոնիկ, WDR Sinfonieorchester Köln, Tonhalle-Orchester Zürich, Լա Սկալա Ֆիլհարմոնիկ, Մոնրեալի սիմֆոնիկ, Չինաստանի սիմֆոնիկ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, BBC Symphony):

Վերջին տարիներին տեղի են ունեցել և ծրագրված են Էնթոնի Վիթի ելույթները Բեռլինի Ֆիլհարմոնիկի, Շտուտտգարտի ռադիոյի սիմֆոնիկ, Վայմարի Շտաատսկապելլա, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Բուդապեշտի փառատոնի, Թագավորական ֆիլհարմոնիկ, Հելսինկի ֆիլհարմոնիկ, Հռոմի Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիայի, Լիոնի ազգային, Բարսելոնայի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Նոր Ճապոնիայի Ֆիլհարմոնիկ, Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնի, Հոնկ-Կոնգ ֆիլհարմոնիկ, Ստրասբուրգ ֆիլհարմոնիկ, Հաննովերի ռադիոյի ֆիլհարմոնիկ, NCPA Orchestra Beijing, Իսպանիայի ազգային, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Հնդկաստանի սիմֆոնիկ, Տոկիոյի Մետրոպոլիտեն սիմֆոնիկ, Սեուլի ֆիլհարմոնիկ, Զագրեբի ֆիլհարմոնիկ, BBC սիմֆոնիկ, Դրեզդենի Շտաատսկապելլա և այլ հայտնի նվագախմբերի հետ:

Էնթոնի Վիթն ավարտել է Կրակովի բարձրագույն երաժշտական դպրոցի դիրիժորական և կոմպոզիցիայի բաժինները, վերջինս՝ Քշիշտոֆ Պենդերեցկու ղեկավարությամբ: Վիթն ունի նաև իրավաբանական կրթություն՝ 1969թ.-ին ավարտել է Կրակովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998 – 2014թթ. Էնթոնի Վիթն եղել է Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարանի դիրիժորական ֆակուլտետի պրոֆեսոր (Վարշավա):

Համերգը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում. Մոցարտ՝ թիվ 41 սիմֆոնիա («Յուպիտեր»), Բրուկներ՝ թիվ 3 սիմֆոնիա:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031