Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերաիմաստավորման եւ վերաարժեւորման փուլ հայ-վրացական հարաբերություններում

Մարտ 14,2018 12:00

Պաշտոնական Թբիլիսին վստահեցնում է, որ ՀՀ հնարավորությունները Վրաստանի կողմից կօգտագործվեն

Հայ-վրացական տնտեսական հարաբերություններում առաջընթաց կա

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ բավական պատկառելի պատվիրակության կազմով: Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում էին առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:
Երկու երկրների կառավարության ղեկավարների գլխավորությամբ կայացել էին հայ-վրացական բանակցություններ նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով: Վրաստանի վարչապետը, մասնավորապես, ասել էր. «Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահելու մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները եւս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երկկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել, եւ կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել էր, որ Հայաստանի տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել էր, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը՝ շուրջ 28 տոկոս, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս:

Կարեւորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել էր, որ պետք է ակտիվ աշխատել ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Նա հավելել էր, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաեւ հայ-իրանական սահմանին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, եւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ Վրաստանի բիզնես հանրության համար: Գեորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խթանման համատեքստում, եւ Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության եւ առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել էր նաեւ ԵՄ-ՀՀ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը:

Հայտնի է նաեւ, որ երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք կարեւորել էին երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով էներգետիկ գործակցության զարգացումը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ անցած տարի, 2016 թվականի համեմատ, հայ-վրացական առեւտուրը աճել է 1.5 տոկոսով՝ կազմելով 248.9 միլիոն դոլար: Այս ցուցանիշով անցած տարի Վրաստանը Հայաստանի յոթերորդ խոշորագույն առեւտրային գործընկեր պետությունն էր: Փաստացի, առեւտրաշրջանառության առումով կողմերը բավական առաջընթաց են գրանցել: 2016թ. առեւտրաշրջանառությունը կազմում էր 367 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2017թ. շրջանառությունը հասել է 480 եւ ավելի միլիոն դոլարի:

Թբիլիսին պատրաստ է, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի

Մարտի 2-ին Կարեն Կարապետյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին հայ-վրացական բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով էին հանդես եկել:
Հայաստանի վարչապետը, մասնավորապես, շեշտել էր, որ խոսել են Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ, պայմանավորվել են, թե ինչպես են շարժվելու առաջ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում: «Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու, եւ վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ եւ շատ ավելի մեծ է»: Իր հերթին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել էր. «Այցի նշանակության եւ հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները, եւ ուզում եմ նշել, որ մեր պատվիրակության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առեւտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ եւս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարեւան պետություն:

Մենք քննարկել ենք այնպիսի կարեւոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը եւ, իհարկե, ինչպես նշվեց, աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջեւ նոր հարաբերություններին եւ այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարեւոր է նաեւ նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը… Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի, եւ մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առեւտրային գոտու եւ պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները եւս Վրաստանի կողմից կօգտագործվեն»:

Երեւանն ու Թբիլիսին, այսպիսով, գոհ են մարտի սկզբին կայացած հայ-վրացական բանակցություններից: Հատկանշական է, որ Վրաստանի իշխանությունները ողջունելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համակողմանի եւ ընդլայնված պայմանագրի ստորագրումը՝ դրա ֆոնին արձանագրել են, որ երկուստեք համաձայնության են եկել, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել եւ երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել:
Արդեն իսկ հայտնի է, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ են կայանալու, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպում կազմակերպվի այս տարի: Այսինքն՝ աշխատանքային խմբեր կստեղծվեն, ինչը, ըստ էության, առաջին անգամ է տեղի է ունենալու:

Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Թբիլիսին ու Երեւանը ինտենսիվացնում են նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում հարաբերությունները՝ չնայած նրան, որ Վրաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության խորը հարաբերություններ ունի:

Կվիրիկաշվիլիի այցն իր ներդրումն է ունենալու հայ-վրացական փոխգործակցությունը որակապես նոր եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում

Կառավարությունում բանակցություններից հետո պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Վստահ եմ, որ շնորհիվ նաեւ այս հանդիպումների, ավելանում է մեր առեւտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի եւ մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են եւ չափելի, ու դա շատ կարեւոր է: Վստահ եմ, որ Ձեր այցը եւս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջեւ փոխգործակցությունը որակապես նոր եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում»,- ասել էր Ս. Սարգսյանը: Վրաստանի վարչապետն իր հերթին գոհունակությամբ էր արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գեորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին: Տեղեկացնելով, որ վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին եւ համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր՝ Վրաստանի վարչապետը հույս էր հայտնել, որ հանդիպումները շարունակական կլինեն, հայ-վրացական հարաբերություններն էլ ավելի կխորանան, եւ ըստ նրա՝ «դրա համար հույս եւ հավատ են ներշնչում նաեւ փոխադարձ այցերը»:

Առարկայական արդյունքների սպասումով

Նկատենք, որ Գեորգի Կվիրիկաշվիլիի այցելությունը հետաձգված էր, այն պիտի տեղի ունենար դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն հետաձգվեց այն պատճառով, որ դեռեւս չէր հաստատվել վրացական կառավարության նոր կազմը: Այսինքն՝ Վրաստանի վարչապետը Հայաստան ժամանեց կառավարության նոր կազմի հաստատումից հետո: Կարելի է արձանագրել, որ մարտի սկզբին Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմով այդ մակարդակի այցելություն Երեւան, թերեւս, վաղուց չէր եղել, քանի որ պատվիրակության կազմում էին առանցքային նախարարությունները՝ նախարարների մակարդակով:

Էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների զարգացման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության խնդիրների քննարկումը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարցերը՝ հայ-վրացական առեւտրատնտեսական հանձնաժողովի նիստ գումարելու պայմանավորվածության համատեքստում, փաստում են, որ Երեւանն ու Թբիլիսին բավական լայն դաշտում են հարաբերությունները խորացնելու քայլեր ձեռնարկում:

Ակնհայտ է, որ Վրաստանը ձգտում է Հայաստանի հետ ոչ միայն հավասարակշռված հարաբերությունները պահպանել, այլեւ ավելի խորացնել հարաբերությունները Երեւանի հետ: Երկու երկրների իշխանությունների՝ միայն վերջին այցերի հաճախակիությունն արդեն իսկ որոշակի ցուցիչ է: Մնում է հուսալ, որ տարիներ շարունակ Երեւանից եւ Թբիլիսիից հնչող հետեւյալ արձանագրման համատեքստում, թե՝ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան անլուծելի հարցեր», կլինեն առավել առարկայական արդյունքներ մոտ ապագայում:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի մարտի 14-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031