Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի գործով հաղթեց դատախազի բանավոր հայտարարությունը

Մարտ 14,2018 13:30

Դեպարտամենտի գրությունը եւ դատական ակտը չգնահատվեց

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ. Իսախանյանը վերաքննիչ քրեական դատարանում երեկ հայտարարեց, թե տասնմեկ տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի նկատմամբ կա քաղհայց: Սակայն չներկայացրեց՝ ինչ քաղհայցի մասին է խոսքը:

60-ամյա դատապարտյալի պաշտպանը` Մելանյա Սարգսյանն էլ հայտարարեց ու դատարան էր ներկայացրել մի քանի փաստաթղթեր, որով պարզվում է, որ Աշոտ Հակոբյանը 2013թ. ապրիլի 16-ի դատարանի վճռով սնանկ է ճանաչվել եւ քառասուներկու միլիոն դրամի կատարողական վարույթը կարճվել է: Պաշտպանը ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական գրությունից էլ հղում կատարեց, համաձայն որի՝ Աշոտ Հակոբյանի դեմ քաղհայց գոյություն չունի:

Պարզվեց, որ սա էլ բավարար չի հիմնավորելու համար, որ վատառողջ, վիրահատված դատապարտյալին, որը ութ տարի է, ինչ պատիժը կրում է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ պետք է ազատել:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարան ներկայացվի դատապարտյալը: Դատավոր Տիգրան Սահակյանը մերժեց, ասելով, թե նման պրակտիկա չկա, որ վերաքննիչ բողոքի համար դատապարտյալը բերվի դատարան, ապա ասաց, թե նա առաջին ատյանի դատարան տարվել է, ուսումնասիրվել են ձայնագրությունները, ապա ճշտեց, որ նման դեպքերում «Հրազդան» քրեակատարողականից պետք է բերել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ապա դատարան: Դատապարտյալն իր պատժի, իր անձնական տվյալների մատուցման հետ կապված հարցով այդպես էլ տեղյակ չեղավ, որ նիստ կա նշանակված, եւ չկարողացավ հարցեր ուղղել մասնավորապես բացասական կարծիք տված քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչին անգամ: Նկատեմ, որ այս ներկայացուցիչը, ճիշտ է, տվել էր բացասական բնութագիր, սակայն իր սեղմ խոսքում ասաց, թե դատապարտյալը վատառողջ է, կարգապահական տույժ չունի, ստացեց երկու վիճակ` գրավոր բացասական եւ բանավոր դրական բնութագիր:

Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր դատապարտյալի դիմումը:

Ըստ պաշտպանի, հիմքում դրվել էր հանձնաժողովի ստանդարտ ձեւակերպումը` նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:

Ի դեպ, ձեւական պատճառաբանությունը տալիս են թե տասը մարդ սպանածներին, թե Հակոբյանի նման տնտեսական գործունեություն ծավալածներին:
Ըստ անձնական գործի նյութերի, Աշոտ Հակոբյանը պատժի կրման ընթացքում կարգապահական որեւէ տույժի չի ենթարկվել, մասնակցել է հիմնարկում կազմակերպված միջոցառումներին, կախվածություններ չի ունեցել, չունի, չի ընդունում հանցավոր աշխարհի ավանդույթները:

Քրեական օրենսգրքի համաձայն, դատարանը հաշվի է առնում դատապարտյալի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

Մելանյա Սարգսյանն ասաց. «Տուժողին պատճառված վնասը հարթելը կարող է լինել պայմանական վաղաժամկետ ազատման պայմաններից մեկը` ազատվելուց հետո, ոչ թե ազատման հարցը որոշելու չափանիշներից մեկը»:

Նշենք, որ դատապարտյալը վաղաժամկետ պայմանական ազատելու միջնորդության օրը կրել էր նշանակված պատժի օրենքով սահմանված մասը:

Պաշտպանն անդրադարձավ նաեւ երկու հանձնաժողովների գործունեությանը` քրեակատարողական հիմնարկում ստեղծված հանձնաժողովի, որի ներկայացուցիչը` պարոն Բադալյանը մասնակցում էր երեկվա դատական նիստին, եւ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ» հանձնաժողովին:

«Որոնք են պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշները Հայաստանում: ՀՀ քրեական օրենսգրքով նման չափանիշներ սահմանված չեն: Անկախ հանձնաժողովների որոշումներն ընդհանրապես պատճառաբանված չեն: Ուստի հնարավոր չէ հասկանալ, դրանք արդա՞ր են, հիմնավորվա՞ծ, թե՞ ոչ: Իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի համոզմամբ էլ հնարավոր չէ փաստել՝ Աշոտի կողմից օրինական վարքագիծ դրսեւորելու հավանականության աստիճանը բավարար է հասարակական անվտանգության տեսանկյունից»,-ասաց Մ. Սարգսյանը:

Ուշադրության արժանի էր այն, որ առաջին ատյանի դատարանը մերժելով դատապարտյալին՝ արձանագրել էր այն նույն փաստարկը, ինչը հանդիպում ենք բազմաթիվ դատապարտյալների գործերը լուսաբանելիս. «Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքին, եւ այն չընդունելը»:
Հայաստանի քրեական օրենսգրքում առանձին հոդված կա պատժի ենթարկված անձի ուղղման մասին: Դա համընկնում է նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ առաջարկությունների երրորդ կետին, համաձայն որի՝ պայմանական ազատումը պետք է հետապնդի դատապարտյալին ազատազրկման վայրի կյանքից դեպի հասարակության մեջ օրինական կյանք վարելն անցում կատարելուն աջակցելու նպատակ:

Վարչակազմն էլ տվել էր բնութագիր, որ ընթացիկ գնահատման արդյունքները լավ են, դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսեորել է օրինապահ վարքագիծ, պահպանել է համակեցության կանոնները, պահպանել է կապը ընտանիքի անդամների հետ, հանցավոր հակումներ չունի: Դրական վարքագծի մասին մարզի դատարանը գնահատական չէր տվել:

Վերաքննիչ դատարանը կարճ ժամանակով խորհրդակցական սենյակում իր խղճի դեմ մենակ մնալով, անփոփոխ թողեց մարզի իր գործընկերոջ կայացրած որոշումը:
Իսկ դատապարտյալին սպասում էր մայրը, որի ծննդյան 83-ամյակն է այսօր:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Վերաքննիչ քրեական դատարանում նոր մետաղորսիչ համակարգ է տեղադրվել: Եթե անգամ ծնգոց չի լսվում, դա չի խանգարում` անձին կրկին զննելու: Մինչդեռ, դատական նիստի ժամանակ ողջ մարդկանց «զննում» են՝ հավատալով միայն բանավոր «ծնգոցներին»:

«Առավոտ»

13.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031