Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կուզենայի մշակույթն էնքան քիչ խնդիրներ ունենար, որ գերատեսչության կարիքը չլիներ ու այն լիներ կրթության նախարարության մի վարչություն»

Մարտ 14,2018 13:00

Հարցազրույց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՀ առընթեր ֆիզմաթ
եւ Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղին կից Արմեն Երիցյանի անվան դպրոցների ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանի հետ:

– Մշակույթը ըստ էության կրթության, գիտության եւ արվեստի ամբողջականությունն է: Դա այն դեպքում, երբ մենք հիմնականում «մշակույթ» եզրը վերագրում ենք միայն արվեստին: Ձեր վերաբերմունքը:

– Համաձայն եմ Ձեր սահմանման հետ: Մշակույթը ժողովրդի զարգացման որոշակի մակարդակ է, ու ընդգրկում է կազմակերպման տարբեր ձեւեր: Նկարչություն, երգ-երաժշտություն, պար եւ այլն: Կրթությունը կարելի է դասել մշակույթի ոչ նյութական ժառանգության շարքում: Հայերիս համար կրթությունը բերնեբերան փոխանցվող ասք առասպելից, Տաթեւ ու Գլաձորից մինչեւ Երեւանի համալսարան ձգվող երկար շղթա է: Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր հրամայականները: Որոտնավանքի վարդապետարանում հիմնադրված Տաթեւի համալսարանում փիլիսոփայություն, մանրանկարչություն ու աստվածաբանություն էին ուսումնասիրում: 20-րդ դարասկզբին ստեղծված կրթական հաստատություններն արդեն այլ խնդիրներ ունեին, ավելի ընդգրկուն ու ավելի մեծ աշխարհի պահանջներին համահունչ: Տեխնոլոգիական առաջընթացի դարում, թվում է, թե մարդը պիտի հեռանար հոգեւորից, հետեւաբար՝ էդ հոգեւորի հետեւանք հանդիսացող մշակույթից: Բայց արի ու տես, որ ինչքան էլ ռոբոտներն ու արհեստական բանականությունը փորձեն փոխարինել մարդուն, մարդը հոգեւորի կարիքն ունի: Աշխարհում մշակույթն օր օրի նոր բարձունքներ է գրավում: Հին պետականություն ու մշակույթ չունեցող պետությունները ահռելի ռեսուրսներ են ծախսում մշակույթ ստեղծելու ու ստեղծածը հանրահռչակելու համար:

– Ինչ կարող ենք արձանագրել, ի՞նչ ունենք այսօր:

– Հաճախ է քննադատվում, որ Հայաստանում կորցնում ենք մշակույթը, էստեղ մշակույթ չկա ու դարձել ենք բառիս բացասական շեշտադրմամբ սերիալ սպառող: Էս պնդումների հետ կատեգորիկ համաձայն չեմ: Մշակութային կյանք ու մշակույթ կա: Անընդհատ նոր բեմականացումներ ու ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ այլն: Քննադատության պատճառը, կարծում եմ, հետեւանք է քննադատողների՝ մշակութային կյանքին անհաղորդ լինելուն: Նմանատիպ քննադատության է ենթարկվում նաեւ կրթությունը: Էստեղ հարցը մի քիչ բարդ է: Մենք արդյո՞ք ունենք հասարակական ձեւավորված պահանջ կրթությունից: Կարծում եմ՝ ոչ: Հակառակ սրան, դպրոցներում ու բուհերում ունենք ֆանտաստիկ ընդունակություններով ու գործի հանդեպ պատասխանատու մասնագետներ ու սովորողներ: Ունենք աշակերտներ, որոնք մրցունակ են ու շատ դեպքերում ունակություններով գերազանցում են միջազգային ճանաչում ունեցող կրթական հաստատությունների սաներին: Նորից եմ ուզում ասել էս միտքը. ունենք ֆանտաստիկ երեխեք, որոնք սկսած միջազգային օլիմպիադաներից մինչեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան ու Հարվարդ, ճանաչելի են դարձնում մեր երկիրը ու շատ հաճախ իրենց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնում մեր երկրին:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են գիտությունն ու կրթությունը մեկ նախարարության կազմում, իսկ արվեստի նախարարությունն՝ առանձին: Դուք կմիացնեի՞ք, թե՞ գիտությունն էլ կրթությունից կառանձնացնեիք:

– Պետական գերատեսչությունները կարող են միավորվել կամ առանձնանալ՝ կախված ոլորտի առջեւ ծառացած ու լուծում պահանջող խնդիրների բարդությունից ու ծավալից: Մենք ունենք գիտության պետական կոմիտե: Չմտնելով գործունեության մանրամասների մեջ, միայն կասեմ, որ այն ղեկավարում է գիտության մեջ մեծ ներդրում ու գիտության եւ կրթության կազմակերպման մեծ փորձ ունեցող մարդ: Էս էն ուրախալի դեպքերից է, որ կարելի է ասել պաշտոնյան իր տեղում է:

Մեր մշակույթը պիտի հանրահռչակել: Հայաստան եկող զբոսաշրջիկը պիտի հերթ կանգնի Ջաջուռում Մինասի թանգարանի մոտ: Շատ թանգարաններ պիտի հերթ կանգնեն՝ առաջինն իրենց մոտ կտավների ցուցահանդես կազմակերպելու համար: Էսօր մշակութային հանրայնացման մի սիրուն երեւույթի ենք ականտես լինում: Վերջին տասը տարվա ընթացքում ազգային պարը դառնում է մեր ուրախության առիթների անբաժանելի մաս: Ինչքան էլ գրքերում քայլագրված ու նոտագրված լիներ, այն հասու չէր հասարակությանը: Ու մի մարդու՝ Գինոսյան Գագիկի շնորհիվ որակ փոխվեց: Ամբիոններից ազգային պարի կորուստի մասին խոսելու փոխարեն, մարդն էսօր հազարավորների դուրս է քաշել ազգայինը ժամանակավրեպ համարելու խավարից: Հաճախ կարելի է չլուծված հարցերը կապել չեղած ֆինանսի հետ, բայց էս օրինակում տեսնում ենք մի նվիրյալի, որ խոսք է ասում: Ու պատմականորեն մանրանկարչություն ու ճարտարապետություն ստեղծած նվիրյալների, գիտական ու կրթական դպրոցներ ստեղծած նվիրյալների շնորհիվ է պահպանվել ու ծաղկել էն, ինչը թվում էր, թե անապատի ավազներում պիտի կուլ գնար: Հարցից շատ չշեղվելով ասեմ. կուզենայի, որ էս տեսակ մարդ-նախարարություններ ունենայինք: Շատ կուզենայի, որ էնքան քիչ խնդիրներ ունենայինք, որ ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների նախարարությունը լինեին մեկ գերատեսչության մեջ: Մշակույթն ու մշակութային գործիչներն էնքան քիչ խնդիրներ ունենային, որ առհասարակ գերատեսչության կարիքը չլիներ ու այն լիներ կրթության նախարարության մի վարչություն:

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

13.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031