Լրահոս
Օրվա լրահոսը

Լրիվ այլ Գյումրի՝ տնակում ծնված ու մեծացած 14-ամյա տղայի աչքերով (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 13,2018 22:15

Գյումրու ամենաաղքատ ու մռայլ տնակային թաղամասում՝ «Ֆանտաններում», հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանի արհեստանոցում սովորող 14-ամյա Մկրտիչ Պետրոսյանն իր քաղաքն այլ գույներով է տեսնում՝ պայծառ, վառվռուն։

Նրա նկարներում Գյումրին փթթում է, նույնիսկ տնակներն են գունազարդ․ մի տեսակ ուրախ տրամադրություն են ստեղծում։

Բուսաբանական այգու տնակներից մեկում ծնված ու մեծացած տղան ցանկալին որպես իրականություն է ներկայացնում, իր տնակային թաղամասը նկարելիս նաև շենքեր է պատկերել։ «Մեր թաղն եմ պատկերել՝ մի քիչ ձևափոխված, մտածեցի, որ շենքերով թաղամասն ավելի սիրուն կլինի»,-մեզ հետ զրույցում ասաց Մկրտիչը։

Մեկ այլ նկարում էլ աշխատասեր հայ ընտանիքն է պատկերված, ընտանիքի բոլոր անդամները մխրճված են գործերի մեջ։ Ակնհայտ է՝ պատանի նկարիչը երազում է, որ գյումրեցիներն աշխատանք ունենան հենց իրենց քաղաքում, ասել է թե՝ դռան առաջ։ Տնակում ծնված տղայի համար բազմաբնակարան շենքերը ևս երազանք են, որ Գյումրիում անօթևան մարդիկ այլևս չլինեն, քաղաքը ձերբազատվի ապրելու համար ոչ պիտանի տնակներից, մանուկներն էլ երջանիկ ապրեն, նրանց մանկությունն անցնի ազգային ուրախ խաղերով, ինչպես պատկերված է նկարներից մեկում։ «Ես ավելի շատ ցանկալին եմ պատկերում, ճիշտ է՝ մի քիչ փոշոտ է մեր քաղաքը, բայց մերն է», -ասում է Մկրտիչը։

Նա նկարչական դպրոց հաճախել է 8 տարեկանից, 5 տարի սովորելուց ու ավարտելուց հետո եկել է «ընկեր Գալստյանի մոտ»։ Պատանին արդեն բնորդներ ունի, հասցրել է նկարել Սամվել Գալստյանի հարևանի տղային։ «Ինքն էլ հոգնեց շատ երկար նստելուց, բայց․․․»։

Տղան հավանում է ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ Իվան Շիշկինի աշխատանքները, քանի որ նրա մեկնաբանմամբ, դրանք ուրախ գույներով են։ «Իմ նկարներում ցանկալին է, և ես ցանկանում եմ, որ ուրախ լինեն նկարներս»,- ասում է պատանի նկարչը։ Նա երազում է գեղարվեստի ակադեմիայում շարունակել կրթությունը։

Հիշեցնենք, որ հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանի 14-ամյա երկու սաներին՝ Մկրտիչ Պետրոսյանին ու Հոբ Ղազարյանին հայտնաբերել ու նրանց նկարները համացանցով տարածել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։

Նա պատրաստվում է հունիսի 4-ին «Շալե Գյումրի» կենտրոնում տաղանդավոր պատանիների նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել, որին մասնակցելու են հարյուրավոր մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վահան Թումասյանը նրանց նկարները տեսնելուն պես հասկացել է, որ երկարատև ընդմիջումից հետո հայ տաղանդավոր նկարիչները՝ Մարտիրոս Սարյանը, Մինասը, Էմիլ Գազազը փոխարինողներ ունեն, և նրանք հենց տնականային ավաններում մեծացած պատանիներն են։ Վահան Թումասյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ Գյումրին որքան էլ անտեսված ու հոգսաշատ լինի, այն տաղանդների քաղաքն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Չգիտեմ, թե ինչ կասեն արվեստաբանները, բայց եթե այս երեխայի նկարները ցուցադրվեն հասուն (տարիքի ու փորձի առումով) նկարիչների գործերի հետ՝ հաստատ ոչ-մեկը չի կարող տարբերակել դրանք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031