Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մարզիչ, Աշոտ Նադանյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը խոսեցին Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարի երեք տուրերում Լեւոն Արոնյանի մրցելույթի եւ մրցաշարում հայ շախմատիստի հնարավորությունների մասին:
Միքայել Անդրիասյանը նշեց, որ մրցաշարն, իր կարեւորությամբ, զիջում է միայն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին:
«Մրցաշարի կազմը շատ ուժեղ է, բայց մենք հույսեր ունենք Լեւոնի հետ եւ հավատում ենք նրա հաղթանակին: Մեկնարկն անհաջող էր, բայց սա միայն սկիզբն է, առջեւում դեռ 11 տուր կա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Աշոտ Նադանյանն ասաց, որ Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ առաջին պարտիայում Լեւոնը հաղթական դիրք ուներ, բայց, նրա խոսքով, ավելի լավ շարունակություն չգտավ եւ որոշեց կրկնել քայլերը:
«Կարծում եմ, իրավիճակն այնքան էլ բարդ չէր եւ կարելի էր ռիսկի դիմել: Առաջին պարտիայում սխալի գինն այնքան էլ բարձր չէ, որքան եզրափակչում: Հոգեբանական խնդիր չկար, պարզապես, Լեւոնը վստահ չէր, որ այդ դիրքից կարելի է պարտիան հաղթական ավարտի հասցնել:
Երկրորդ պարտիան նա շատ լավ անցկացրեց: Ադրբեջանցի Մամեդյարովը մեկնարկում նոր քայլ կիրառեց, բայց Լեւոնը եզակի քայլերով հավասարեցրեց դիրքը եւ մրցակցին հարկադրել համաձայնել ոչ-ոքիի:
Ինչ վերաբերում է երրորդ պարտիային, սխալ համարում եմ Լեւոնի առաջին քայլը (е4): Նա արդեն վաղուց այդպես չի սկսում: Դժվարանում եմ ասել՝ ինչու Լեւոնը որոշեց Կրամնիկի հետ խաղալ նրա սիրած տարբերակով: Արոնյանի ընտրությունը հոգեբանորեն ճիշտ չէր: Սակայն վստահ եմ, որ Լեւոնն արագ կվերականգնվի: Հանգստյան օրը նրան օգտակար կլինի: Չորրորդ տուրի մրցակցի՝ Սերգեյ Կարյակինի, հետ հանդիպումներում հետ լավ վիճակագրություն ունի: Մի բան էլ՝ սովորաբար, Լեւոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»:
Հրանտ Մելքումյանի խոսքով մեկնարկային պարտիայում ոչ-ոքին լավ արդյունք էր.
«Եթե վստահ չես, պետք չէ շարունակել: Գնահատականի համար դիրքը միանշանակ չէր: Մրցաշարում Արոնյանի հնարավորությունները բարձր եմ գնահատում: Լավ է պարտվել մեկնարկում, քան եզրափակչի որոշիչ պահին, երբ մեկ միավորը ճակատագրական դեր կարող է խաղալ, իսկ այդ միավորը կարող է կախված լինել ոչ թե քեզանից, այլ մյուս խաղերի արդյունքներից: Վերջին շրջանում Լեւոնը լավ մարզավիճակում է եւ հաղթել է մի քանի ուժեղ մրցաշարերում: Այնպես որ, ամեն բան դեռ առջեւում է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ