2016թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, Նավուր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Սարգսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման եւ 50 հազար դրամ տուգանքի:
Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2016թ. ապրիլի 15-ին, ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում Իծաքար գյուղի բնակիչ, 1954թ. ծնված կնոջ կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա առանձնատուն եւ տան ննջասենյակում մի քանի անգամ ապտակելով այդ կնոջը՝ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Արամ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավտովերանորոգող, նախկինում չարատավորված Ա. Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Վերջինիս պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Գ. Զաքարյանը Ա. Սարգսյանին արդարացնելու խնդրանքով դիմել է վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2017թ. փետրվարի 24-ից, ավելի քան մեկ տարի, շարունակվում է սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Այդ գործով դատական հերթական նիստը նշանակված է 2018թ. մարտի 16-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ