Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ կարևորում եմ և’ նախագահի, և’ վարչապետի դերը. Թաթուլ Մանասերյան

Մարտ 13,2018 18:40

Կառավարության նոր կազմի մասին հարցերը քննարկվել են «Հայելի» ակումբում մարտի 13-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Երկրի չորրորդ նախագահը ունի կարողություններ, փորձ, հմտություններ, շնորհք, տաղանդ, շրջապատ, հարաբերություններ և այդ ամենը կներդնի մեր պետության զարգացման մեջ», ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:

«Չավարտված պատերազմի պայմաններում շատ կարևորում եմ և՜ նախագահի, և՜ վարչապետի դերը: Կարծում եմ՝ նախագահն ու գործադիր իշխանությունը պետք է թիմային աշխատանք տանեն, քանի որ առանց դրա մենք դժվար թե ինչ-որ լուրջ արդյունքներ ակնկալենք», ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ 2014-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվի նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար:

«Վարչապետի պաշտոնում պետք է լինի երկրի խնդիրներին ամբողջությամբ տիրապետող, հատկապես՝ Հայաստանի անվտանգության և Արցախի խնդրին տիրապետող անձ: Այդպիսի մարդ, իմ սուբյեկտիվ կարծիքով, Սերժ Սարգսյանն է: Կարեն Կարապետյանը կմնա ու կկառավարի այն բնագավառները, որոնց շատ լավ է տիրապետում: Նա շատ լուրջ, կազմակերպված, անալիտիկ մտածողություն ունեցող, 21-րդ դարի տնտեսագիտության պահանջները իմացող և այդ տնտեսագիտությունը ոչ միայն տեսականորեն երկրին ծառայեցնելու լուրջ կարողություններ և տաղանդ ունեցող մարդ է», ասաց Մկրտիչ Մինասյանը:

Իսկ Թաթուլ Մանասերյանը բացատրեց. «Պետք է հաշվի առնել, որ մենք ընտրում ենք նախ և առաջ երկրի գերագույն գլխավոր հրամանատար: Ցանկացած անձ, որ առաջարկում է այլ թեկնածու այդ պաշտոնում, պետք է հիմնավորի, թե ինչքանով է տվյալ անձը համապատասխանում այդ պաշտոնին, և թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը զիջի այդ պաշտոնը ուրիշին»:

«Խիստ դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ ՀՀ-ում 18 նախարարություն ունենալը մեծ շռայլություն է: Ենթադրենք՝ այսօր այդ նախարարությունների կեսը փակվի. ժողովուրդը դրանց պակասը չի զգա: Մենք այսօր ունենք բազում մարտահրավերներ, ինչպիսիք են կադրային քաղաքականության և բանիմաց երիտասարդներին ներգրավելու խնդիրները», ասաց Թաթուլ Մանասերյանը:

«Պետք է փորձել ավելի արդյունավետ դարձնել հասարակության և կառավարության միջև հետադարձ կապը: Այլ ճանապարհ, քան հասարակության հսկողությունը կառավարության վրա, չի կարող լինել: Կառավարման ողջ համակարգը պետք է ժողովրդի հսկողության տակ լինի», այսպես ավարտեց իր խոսքը Մկրտիչ Մինասյանը:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031