Ադրբեջանցի երիտասարդ ուսուցիչը հայտարարում է, որ իրեն աշխատանքից հեռացրել են ադրբեջանցի և հայ երեխաների միջև ընկերության ու խաղաղության կոչերի պատճառով:
Ըստ «Թուրան» գործակալության՝ Ռովշան Ազիզովը 2004 թվականից Բաքվի Նիզամու շրջանի դպրոցում անգլերեն է դասավանդել և աչքի է ընկել ուսուցման ոչ-ավանդական մեթոդներով, հաճախ դասը վերածելով բեմական ներկայացումների՝ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու համար:
Ազգերի միջև բարեկամության՝ երիտասարդ ուսուցչի քարոզը հաճախ նույնիսկ դպրոցի սահմաններն է հատել: Նա աշակերտների մասնակցությամբ ատելությունը մերժելու մասին տեսանյութեր է նկարահանել և դրանք տարածել համացանցում: Ասում է՝ աշակերտների ծնողները տեղյակ են եղել այդ մասին և երբեք չեն առարկել:
«Ես՝ որպես ուսուցիչ, ցանկանում եմ, որ հայ և ադրբեջանցի երեխաները ապրեն անվտանգ ու խաղաղ: Ոչ ոք չի կարող երեխաների միջև թշնամություն սերմանել: Ծնողները պետք է իրենց երեխաներին դաստիարակեն ընկերության և սիրո ոգով», – ասում է Ազիզովը:
Անգլերենի խաղաղասեր ուսուցչի նախաձեռնությունը, սակայն, հայրենակիցների կոշտ հակազդեցությանն է արժանացել:
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ներխուժեց դպրոց և բոլորի ներկայությամբ սկսեցին ինձ վիրավորել, «դավաճան», «հայկական գործակալ» անվանել ու պահանջեցին հեռացնել ինձ աշխատանքից», – պատմել է Ազիզովը՝ հավելելով, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած այդ միջադեպից չորս օր անց հեռացվել է դպրոցից՝ «աշխատանքից մշտապես ուշանալու» պատճառաբանությամբ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: