«Ես ոչ թե հողատարածքը նվիրել եմ կնոջս, այլ ինքն է մասնակցել աճուրդին ու շահել: Իմ կինն է շահել եւ եւս 11 հոգի: Եթե կնոջս շահումն անօրինական է, ուրեմն նրանցն էլ է անօրինական»,-Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հայտարարեց Արարատի մարզի Նոր կյանք համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը: Հիշեցնենք՝ ներկայիս գյուղապետ Գարիկ Սարգսյանի խոսքով՝ նա աճուրդ կազմակերպելիս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: «Կադաստրը հաստատել է, որ ամեն ինչ օրինական է»,-դիմելով դատավորին՝ վստահեցրեց Մայիս Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է Սարգսյանի մատնանշած խնդրին, որ նախկին գյուղապետի օրոք ավագանու որոշումների արձանագրություններում կեղծ ստորագրություններ են դրվել, Մայիս Աբրահամյանը նշեց, որ այստեղ եւս խնդիր չկա: «Ավագանիները ստորագրել են այն նիստերի արձանագրությունների տակ, որոնց մասնակցել են: Հարցաքննությամբ պարզվել է, որ իրենք մասնակցել են: Համայնքի ղեկավարը չի էլ կարող տեսնել, թե ով է ստորագրել, այդ թուղթը նիստերի քարտուղարը ներկայացնում է համայնքի ղեկավարին, նա էլ՝ ստորագրում»,-ասաց Մայիս Աբրահամյանը:
Հավելենք, որ Նոր կյանքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքի առնչությամբ դատարանը որոշում կհրապարակի մարտի 20-ին, 14 00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ