ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռացրել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարից պաշտոնից: Նրա տեղը կզբաղեցնի ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն:
Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին և վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Պոմպեոն «ֆանտաստիկ աշխատանք կկատարի»:
Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար կնշանակվի Ջինա Հասփելը, որը կդառնա ԿՀՎ-ն գլխավորած առաջին կինը: Մինչ այս նա զբաղեցնում էր Պոմպեոյի տեղակալի պաշտոնը:
Ռեքս Թիլերսոնը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր անցյալ տարվա փետրվարից:
Ավելի վաղ ամերիկյան մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թրամփը հիասթափված է Թիլերսոնի աշխատանքից, իսկ վերջինս էլ պատրաստ է հրաժարվել այդ պաշտոնից: Մասնավորապես, Թիլերսոնը հակասություններ ուներ Թրամփի հետ՝ մի շարք հարցերի, այդ թվում «Աֆղանստանում զինծառայողների քանակի, Կատարի և Կուբայի շրջափակման» շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ