Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կյանք համայնքի նախկին՝ ՀՀԿ-ական գյուղապետը չարաշահումնե՞ր է թույլ տվել

Մարտ 13,2018 17:28

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ սկսեց քննել Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը, որը ներկայացրեց նրա շահերի պաշտպան, փաստաբան Ռուստամ Բադասյանը(լուսանկարում):

Այս բողոքով Սարգսյանը պահանջում է վերացնել Արարատի եւ Վայց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Խնդիրն այն է, որ Գարիկ Սարգսյանը համայնքի ավագանու ստորագրությունների կեղծման եւ նախկին գյուղապետի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներով հանցագործության մասին հաղորդումներ էր տվել ոստիկանությունը, որը, սակայն, քրեական գործ չէր հարուցել՝ գտնելով, որ հանցակազմ չկա: Դատարանն էլ ոստիկանության այդ որոշումն ուժի մեջ է թողել, այդ պատճառով Գարիկ Սարգսյանն այժմ վերաքննիչ ատյանում է բողոքարկում դատարանի որոշումը եւ պահանջում վերացնել այն:

«Պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին մենք բավարար հիմքեր էինք ներկայացրել: Անզեն աչքով էլ նկատելի է, որ համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում ավագանու անդամների անունների դիմաց դրված ստորագրությունները նրանց չեն պատկանում. նույն անձի անվան դիմաց մի քանի արձանագրությունում տարբեր ստորագրություններ են դրվել»,-դատավորին ներկայացնելով վճռաբեկ բողոքը՝ ասաց Գարիկ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը:

Փաստաբանի բնորոշմամբ, վերոնշյալից բխում է, որ ավագանու որոշումների իրավաչափությունը կասկածի տակ է. «Ոստիկանությունը չի էլ պարզել՝ ավագանու նիստերը փաստացի կայացել ե՞ն, թե ոչ, բացակա ավագանու փոխարեն ստորագրե՞լ են, թե ոչ»: Ռուստամ Բադասյանը նշեց՝ իրենք կարծում են, որ հողատարածքներ օտարելիս նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը պաշտոնեական լիազորություններն անցել է, որովհետեւ վերջինիս կինն է հողակտորներ ձեռք բերել: Aravot.am-ի հետ զրույցում նա հստակեցրեց, որ Աբրահամյանն աճուրդ է կազմակերպել. «Հասարակական կառուցապատման հողամասի օտարման առնչությամբ համայնքի կրած վնասը կարող էր լինել այն, որ համայնքն իր կենտրոնական հատվածում գտնվող հողատարածքը պարզապես կորցրել է: Արդյո՞ք համայնքը ցանկացել է աճուրդի հանել այդ հողակտորը եւ արդյո՞ք շուկայական գնով է այն վաճառվել: Եթե քննություն իրականացվեր, այս հարցերի պատասխանները կտրվեին»:

Նշենք, որ բողոքի քննությանը ներկա էր նաեւ Նոր կյանքի նախկին գյուղապետ Մայիս Աբրահամյանը, որն Aravot.am-ի հարցերին պատասխանել չցանկացավ: Միայն հակիրճ կարծիք հայտնեց վճռաբեկ բողոքի մասին, որը կներկայացնենք առաջիկայում: Հիշեցնենք նաեւ, որ երիտասարդ Գարիկ Սարգսյանը Նոր կյանքի ղեկավար է ընտրվել 2016թ. սեպտեմբերին՝ հաղթելով նախկին՝ ՀՀԿ-ական գյուղապետ Մայիս Աբրահամյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031