Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական պար ու ազգային տարազներ. Վանաձորում տեղի կունենա նախադեպը չունեցող համերգ

Մարտ 13,2018 17:08

Ապրիլի 3-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա «Դարերի խորքից» խորագիրը կրող համերգային ծրագիրը, մասնակցությամբ՝ Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի եւ «Տերյան» մշակութային կենտրոնի:

Այսօր Artist.am մշակութային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ համերգի կազմակերպիչները խոսեցին ծրագրի մտահղացման ու նպատակի մասին. «Տերյան» մշակութային կենտրոնը վերարտադրում է հին հայկական ավանդական տարազներ: Հիմնականում այդ տարազները ցուցադրվում են դեֆիլեների տեսքով, եւ մենք որոշեցինք դրանք ներառել համերգային ծրագրում եւ փորձել դրանց ներկայացնել ավելի թատերականացված տարբերակով»,- իր խոսքում ասաց Artist.am կենտրոնի տնօրեն Մանվել Ալեւորյանը:

«Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի համար տարազների վերականգնումը եղել է նախասիրություն, որն այնուհետեւ դարձել է ազգայինը ներկայացնելու նպատակ. «Մենք միշտ մտածել ենք ցուցադրել բեմականացված տարազը, ոչ թե մոդելը եկավ, գեղեցիկ քայլեց եւ գնաց: Հետո մեզ շատ են հարցնում, թե այս ի՞նչ տարազ էր, սա ո՞ր թագավորն էր եւ այլն: Եթե ֆեյշն շոու է՝ չի հասկացվում: Իսկ եթե դու այդ ամեն ինչն անում ես բեմականացված՝ եւ՛ համերգով, եւ՛ խոսքով, ինքն արդեն կհասկացվի: Կամ պետք է մարդկանց տաս գրականություն, որ իրենք նայելուն զուգահեռ, նաեւ կարդան, որ, օրինակ, Աբգար թագավորը այսինչ հագուստն էր հագել եւ այլն, կամ պետք է այնքան լավ բեմականացված լինի, որ մարդիկ հասկանան»:

«Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանը համոզված է, որ Հայաստանում նման համագործակցություն դեռեւս չի եղել, սա նախադեպային է. «Լինելու է արքաների հավաքածուների ցուցադրություն, լինելու է՝ ավանդական հարսանեկան զգեստների, մանկական եւ մեր տարածաշրջանների տարազների ցուցադրություն: Ծրագրում փորձել ենք այս ամբողջը կապել մեր ունեցած պարերի հետ: Առաջարկությունը մեր կողմից եղավ, եւ «Տերյան» մշակութային կենտրոնը մեծ ուրախությամբ համաձայնեց: Մեր պարային խմբերը տարազներ ներկայացնելու, հագնելու մեջ բավականին թերանում են, որովհետեւ չունենք այն մասնագետը, որը կզբաղվի դրանով: Կամ՝ ինչ-ինչ պատճառներով ով ինչ ունի, այն էլ հագնում է: Հիմա վերջապես հանդիսատեսը կտեսնի իրական տարազը, մի քիչ ժամանակակից լուծումներով»:

Համերգի ընթացքում ներկայացվելու են հիմնականում Արեւմտյան Հայաստանի տարազները: Ներկայացվելու է 5 թագավորի եւ թագուհու հավաքածուներ, հարսանեկան զգեստներ. «Հայկական երգարվեստը, պարարվեստը, ազգային տարազները գաղափարախոսություն են: Այս համերգին մեր բնակչությունը կտեսնի, թե դարերի խորքից եկող տարազները ինչպես են երգի հետ համաձուլվելով ցուցադրվում: Միայն ազգային գաղափարախոսության հիմքն է այստեղ հանդիսանում: Սրանով մեր հայ երիտասարդի մեջ պետք է արթնացնենք ազգային տարազը, ազգային երգն ու պարը»,-ասում է «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն Արմեն Ներսիսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031