Գյումրեցի հայտնի գեղանկարիչ Սամվել Գալստյանը, որը բնակվում ու ստեղծագործում է Գյումրու ցեխոտ փողոցներից մեկում՝ Սավոյանում գտնվող մի նեղ տնակում, ասում է, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների մեծ մասը իր գործերի սիրահարն են։ Նրանք հաճախակի են գնում Սամվել Գալստյանի՝ Գյումրու տարբեր տեսարաններ պարունակող ջրաներկով աշխատանքները, սակայն միաժամանակ կարծիք են հայտնում, որ դրանք շատ տխուր են։
«Բայց շուտով համոզվեցին, որ ես սուտ բան չեմ նկարում, ովքեր իմ աշխատանքները գնել են արտասահմանից, ասում էին, թե շատ տխուր են նկարները։ Երևի թե այդպիսի երկիր չկա, որտեղ իմ աշխատանքներից չունենան, գնորդները սկզբնական շրջանում հիմնականում Հայաստանում դեսպաններն էին, հետո մեկը մյուսին հարցնելով, տուրիստներն էին գալիս, նրանց էին փոխանցում իմ հեռախոսահամարը, տվյալներ ու այդպես կապը պահպանվում էր։ Ով գնում էր, ասում էր՝ շատ լավն է, որպես գործ՝ արժեք է, բայց տխուր է։ Ասում եմ, հա դե ձեր մոտ գունավոր է ամեն ինչ, մաքուր է, բնական է, որ ձեր մոտի նկարիչը կարմիրներով, դեղիններով պիտի ստեղծագործի, հարցնում եմ, թե ցեխը ես հիմա ո՞նց կարմիրով նկարեմ, ինչքանո՞վ ճիշտ կլինի, ուրախ ցեխ կլինի՞։ Իրենք որպես արվեստի գործ էին առնում», -պատմեց նկարիչը։
Մեր հարցին, թե ձեր արվեստանոց հասնողը սեփական մաշկի վրա չի՞ զգում ցեխոտվելը, չի՞ տեսնում, որ անանցանելի են փողոցները, գեղանկարիչը պատասխանեց. «Այո, համոզվում էին, շատ հետաքրքիր պատմություններ կան։ Մեր տնակի դիմացի շենքն ահավոր մի շենք էր, բնակիչները, չգիտեմ Գորկու «Հատակում» պիեսը կարդացե՞լ եք, թե՞ չէ, այ էդ «Հատակում»-ի բնակիչներն էին էստեղ բնակվում, չգիտեմ դաշնակցականների որ համագումարն էր, տարբեր երկրներից եկել էին, շատ պատահական նրանցից մեկը, որը, որքան հիշում եմ, ճարտարապետ էր Կանադայում, գնել էր իմ նկարներից մեկը ու այդպես տարածվել էր, իրենց տանն էին տեսել իմ նկարը, թե օֆիսում, չգիտեմ, բայց հասցես էին վերցրել ու եկել էին այստեղ Երևանից՝ ջիփերով, բաներով: Եկան ճիշտ այն ժամանակ, երբ բնակիչներից մեկը, որը մեր դիմացի շենքում էր ապրում, իր տունը քանդում էր, քանդողը կին էր՝ սպեցովկան հագը, կվալտը ձեռքը խփում էր: Մերն էլ դոմիկ է, դղրդոցից դոմիկը ցնցվում էր։ Հյուրերից մեկը հարցրեց, թե էդ տղամարդն ի՞նչ է անում, ասի՝ էդ տղամարդը կին է, քանդում է: Հարցրեց՝ ի՞նչն է քանդում, ասի՝ իր տունը: Զարմացած արձագանքեց՝ բա շենքը կփլվի վրան: Ասի՝ ինքը քանդում է, որ արմատուրը հանի։ Դա աբսուրդ էր իրենց համար, մոռացան իմ նկարները, շուռ եկան, բոլորով սկսեցին այդ տեսարանը նկարել։ Հետո, երբ որ իմ նկարներին անդրադարձան, այնտեղ կային նավթի հերթ կանգնած մարդիկ, հիշո՞ւմ եք, որ բաժանում էին նավթը, շների ոհմակներ, թափառող շներ, աղբը քջջող կանայք, էդ ամբողջը ես նկարել եմ, որովհետև դա իմ շրջապատն էր, ես դա էի տեսնում։ Էդ ժամանակ ավելի շատ գնումներ եղան ինձանից, համոզվեցին, ավելի խորացան այդ ամբողջի մեջ»,-ասում է նկարիչը։
Սամվել Գալստյանը հիշում է, որ Իտալիայի դեսպաններից մեկը իրենից «կիլոյով» է նկարներ գնել, անգամ խնդրել է, որ ջրաներկի վարպետ իր կնոջ համար դասընթացներ անցկացնի, սովորեցնի, թե ինչպես է Գյումրու ցեխերը, քարերը նկարում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ