Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցը միայն դասական չէ, այլ մեր ժամանակների գրականության մեջ ապրող, նրա կողքին քայլող գրող. Էդուարդ Միլիտոնյան

Մարտ 13,2018 16:44

Եղիշե Չարենցի 121-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին «Ամբոխները խելագարված» հուշարձանի մոտ: Մեծարման ու շնորհավորանքի խոսքեր՝ մեծերի շուրթերից, չարենցյան պոեզիա ու պոեզիայից ծնված երգեր՝ մատաղ սերնդի մատուցմամբ:

«Շնորհավորելով Չարենցի ծնունդը, ինքներս մե՛զ ենք շնորհավորում: Տասնամյակներ առաջ առաջին «հանդիպումը» չարենցյան գրականության հետ այնպիսի հզոր ազդակ հաղորդեց ինձ, որ այդ խոսքի ուժն ու մոգականությունն անտեսելն այլևս անհնար էր»,-ասաց Հայաստանի գողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Նրա բնորոշմամբ, Չարենցը միայն դասական չէ, այլ մեր ժամանակների գրականության մեջ ապրող, նրա կողքին քայլող գրող:

Բանաստեղծ Ռուզան Ասատրյանի խոսքով.

« Չարենցը հայ գրականության գագաթն է: Հայրենասիրական ոգու անսպառ ակունքից դուրս եկած հուժկու մի գետ, որը սկիզբ է առել դարերից ու գնում է դեպի դարերը՝ հաղթական, ահա թե ով է նա»:

«Որքան «մոտենում» ես Չարենցին, այնքան ավելի հարազատ ու սրտամոտ է դառնում քեզ: Այսօր շատ բան ունի տալու Չարենցը, ավելի շատ, քան երբևէ: Նրա ընդամենը մեկ բանաստեղծությունն է կոչվում «Պատգամ», բայց պատգամ է Չարենցի ամբողջ գրականությունը»,-ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը՝ խոսքն ավարտելով չարենցյան բարձրագույն պատգամով. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Չարենցի հուշարձանի մոտ մեկնարկած միջոցառումները շարունակվեցին գրողի տուն-թանգարանում, որտեղ ցուցադրվեցին բացառիկ կադրեր Էմինների ընտանեկան արխիվից. կարճամետրաժ ֆիլմ Չարենցի արդարացման օրվա հավաքույթից, որին ներկա են եղել Գևորգ Էմինը, Գուրգեն Մահարին, Աշոտ Հովհաննիսյանը, Օհան Դուրյանը, Ռաֆայել Իսրայելյանը և այլք։

Ձնհալի տարիների մասին զեկուցմամբ հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը:

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031