Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան Կարեն Կարապետյանը». Խոսրով Հարությունյան

Մարտ 13,2018 16:17

«Որևէ մեկի համար կասկած չի առաջացնում այն հարցը, որ Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում անհամեմատ ավելի փորձառու է, քան որևէ մեկը»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նա, զարգացնելով թեման, շեշտեց՝ անգամ Կարեն Կարապետյանը. «Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության այս զարգացման փուլում բանակցային գործընթացի բացառիկ կարևոր նշանակությունը՝ կարծում եմ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Գոնե ես այդ կարծիքին եմ»:

Հարցին՝ մի՞թե Կարեն Կարապետյանը ևս չի կարող նշված խնդիրներն առաջ տանել, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Միգուցե և կարող է, միգուցե և չստացվի: Ի՞նչ եք կարծում՝ կարելի՞ է էքսպերիմենտներ անել: Հակամարտության կարգավորման զարգացման այս փուլում վստահել-չվստահելու մասին չէ»:

Կրկին արժևորելով Սերժ Սարգսյանին՝ Խոսրով Հարությունյանը պնդեց. «Մարդը փորձառություն ունի ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ, միջազգային ատյաններում լուրջ ճանաչում, վստահելի գործընկերոջ համբավ, համարում ունի. սրանք կարևոր գործոններ են»:

Դառնալով ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգին՝ պարոն Հարությունյանն առանձնացրեց տնտեսական զարգացման բարեփոխումները, եվրոպական կառույցների հետ համագործակցությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ պարոն Հարությունյանը վկայակոչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում և Մյունխենում ունեցած ելույթներն ու ասաց. «Այդ ելույթների ժամանակ աստիճանաբար արձանագրվում, ուրվագծվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը. Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը ոչ միայն անհրաժեշտ է, քանի որ այդպիսի իրավունքը արձանագրված է նաև միջազգային իրավունքում և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթներում: Ղարաբաղի անկախությունն ու ինքնորոշումը ճանաչել նշանակում է իրավական, քաղաքական երաշխիքներ ստեղծել Ղարաբաղի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար: Այդ մասին վկայում են ապրիլյան իրադարձությունները և դրանից հետո Ադրբեջանի ղեկավարության անթաքույց սադրիչ, հակահայկական, ընդհուպ մինչև ռազմական սպառնալիք ներկայացնող հայտարարությունները: Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, որ Ղարաբաղի որևէ կարգավիճակ, որը կտարբերվի նրա անկախ և միջազգայնորեն ճանաչելի կարգավիճակից, որը ձևավորված կլինի նրա՝ ազատ ինքնորոշման իրավունքի վրա, դրանից տարբեր կարգավիճակը կվտանգի Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը»:

Հիշեցնելով Ադրբեջանի կատարած վայրագությունները 2016-ի ապրիլին՝ պարոն Հարությունյանը եզրափակեց. «Ճանաչել փրկելու համար: Սա է այսօրվա կոնցեպտը: Միջազգային հանրությունն աստիճանաբար կսկսի այս մոտեցումն ընդունել: Սրան նպաստում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ռազմատենչ, հայատյաց, միջազգային բոլոր նորմերը ոտնահարող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև Երևանը մերն է, Զանգեզուրը մերն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031