Այսօր, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ժամանակ ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կասաչովը ոչ պաշտոնական սկսեց իր խոսքը: Ու բացատրեց. «Մեր հարաբերությունները դուրս են եկել զուտ խորհրդարանական համագործակցության ձեւաչափից եւ կարող ենք առանց նախնական արարողակարգային ձեւաչափերի խոսել այն հարցերի մասին, որոնք հուզում են մեր ընտրողներին, հանրություններին»:
Ռուս պատգամավորը նկատեց`բացի խորհրդարանական ձեւաչափերից, Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ դինամիկ հարաբերություններ են զարգանում. «Բոլորս էլ գիտենք, թե ինչքան շատ են երկու երկրների նախագահների միջեւ հանդիպումները: Հիմա Հայաստանում կառավարման կարգը կփոխվի, ֆորմալ, բայց ես հույս ունեմ, որ դա որեւէ կերպ չի ազդի հանդիպումների ինտենսիվության եւ ձեւաչափի վրա»:
Բանախոսը «փայլուն» գնահատեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ աշխատանքը: Ասաց. «Արմեն Գեւորգովիչի հետ պայմանավորվել ենք շփումները ավելի հաճախ դարձնել, այլ միջխորհրդարանական ձեւաչափեր էլ ենք ստեղծել, քանի որ ավելորդ հանդիպումներ եւ հարթակներ չեն լինում: Կփորձենք պահպանել տարին երկու անգամ հանդիպելու հաճախականությունը»:
Նաեւ նկատեց`կան հարցեր, որ հենց մշտական հանձնաժողովի քննարկման իրավասության տակ են. «Մտքերի փոխանակությունը, որոշ հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են երկկողմ այն հարաբերություններին, որոնք նաեւ միջազգային հարթություն են շոշափում: Հենց մտքերի փոխանակությունը: Ոչ ոք չի ասում, որ միմյանց վզին տեսակետեր կամ գնահատականներ ենք փաթաթելու»: Խոսքը երկու երկրների անմիջական հարեւանների, ընդհանուր հարեւանների հետ հարաբերությունների մասին է եւ այն երկրների, որոնք ըստ բանախոսի, Հայաստանի, ՌԴ-ի շուրջ «մանյովրներ են անում»:
Ռուս պատգամավորը ԵԱՏՄ-ն դինամիկ եւ հետաքրքիր զարգացող համագործակցություն է համարում, որտեղ ՀՀ-ն եւ ՌԴ-ն իր կարծիքով արդյունավետ աշխատում են: «Ցավոք, դեռ ԵԱՏՄ պառամենտական վեհաժողով չկա: Սա նույնպես քննարկման թեմա է»,- ասաց նա`հավելելով, որ 7 միջխորհրդարանական հարթակ կա, որտեղ ՀՀ-ն եւ ՌԴ-ն աշխատում են, փորձում են մոտեցնել տեսակետները կամ գոնե միմյանց հասկանալ, ինչը լավ կլինի ոչ միայն մեր պատվիրակությունների համար, այլ այդ հարթակների, որոնք փորձում են առաջ շարժվել:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում նկատեց`համատեղ նիստերն ավանդական են դարձել եւ խորհրդարանական համագործակցության այս ձեւաչափն իր ուրույն ավանդն ունի հայ-ռուսական ռազմավարական երկխոսության մեջ` ներկայացնելով երկու պետությունների ժողովուրդներին: Ասաց`պատգամավորներն արտահայտում են իրար հանդեպ ինչպես բարեկամական զգացումներ, այնպես էլ պատրաստ են քննարկել աշխատանքային ամենադժվար հարցերը:
Այս նիստում չորս հիմնական թեմա կքննարկվի`գլոբալ, տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ