Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական պատգամավորը խանդեց ՀՀԿ-ին եւ «Ելք»-ին

Մարտ 13,2018 15:22

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Հաշվապահական հաշվառման մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին: Նախագծի հեղինակները «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն է եւ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը:

Գործող օրենքով, խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձեւով: Սույն պարտավորությունը չկատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով սահմանում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակումից հետո, երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում հինգ հարյուր հիսուն հազար դրամ վճարելով անտեսել օրենքի նշյալ պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները:

Ըստ նախագծի հիմնավորումների, խնդիրը հատկապես շոշափելի է դառնում այն ժամանակ, երբ հաշվետվությունը հասանելի չի լինում շահագրգիռ կողմերի կամ անձանց համար. կազմակերպությունները հաճախ մերժում են տրամադրել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Խնդիրը առավել առարկայական է գրքույկներով տպագրված ֆինանսական հաշվետվությունների պարագայում, երբ պատճառաբանվում է, որ ամբողջ տպաքանակը բաժանված է:

Այսպիսով, ենթադրվում է, որ օրինագծերի ընդունումը կնպաստի խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացմանը եւ հասանելիությանը: Միեւնույն ժամանակ սույն նախաձեռնությամբ խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացումը կստանա առարկայական բովանդակություն, չի կրի ձեւական բնույթ եւ հասանելի կլինեն շահագրգիռ կողմերի ուսումնասիրությունների համար, ինչը իր հերթին կնպաստի ՀՀ ներդրումային դաշտի ուսումնասիրման մեխանիզմների զարգացմանը:

Համեմատական վերլուծությունները նաեւ հնարավորություն կտան բացահայտելու կազմակերպությունների ընթացիկ վիճակը, դիտարկելու խոշոր կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի տնտեսական իրողությունների պայմաններում եւ հնարավորություն կընձեռեն օբյեկտիվ հարցադրումների եւ եզրակացությունների համար: Սա նաեւ կնպաստի կորպորատիվ արժեթղթերի շուկայի աշխուժացմանը:

Նախագիծը մշակվել-քննարկվել է կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Այդ մասին այսօր հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ուստի կառավարության կողմից դիմադրություն չկար:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ ասաց`այս փորձով իրենք կոտրում են կարծրատիպը, որ կառավարությունը եւ քաղաքական մեծամասնությունը ընդառաջ չեն գնում ընդդիմադիրների առաջարկներին եւ նախաձեռնություններին: «Մեր աշխատանքում կուսակցական եւ քաղաքական ենթատեքստ չկա, մենք աշխատում ենք ի նպաստ պետության եւ ժողովրդի»,- ասաց Գագիկ Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «խանդեց» կոալիցիոն գործընկերոջ եւ ընդդիմադիր «Ելք»-ի այս դրսեւորմանը: ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի անդամ Էդուարդ Շարմազանովը փորձեց ցրել ՀՅԴ-ական պատգամավորի խանդը`ասելով` դուք ճիշտ չհասկացաք`պարոն Մինասյանն ասում էր, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այնքան լավ գործ են արել, որ կարիքը չկար ոչ ՀՅԴ-ի, ոչ ՀՀԿ-ի առաջարկների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031