Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող Լեւոն Գասպարյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ բռնություն է գործադրել «Ազատություն» ռ/կ-ի՝ մասնագիտական լիազորություններն իրականացնող լրագրող Սիսակ Գաբրիելյանի հանդեպ, խլել է վերջինիս տեսանկարահանող սարքը:
Այսօրվա նիստում Լեւոն Գասպարյանը հայտարարեց՝ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, եւ, ըստ այդմ, խնդրում անցկացնել արագացված դատաքննություն: Իսկ դա ենթադրում է, որ մեղադրյալը դատավճիռը բողոքարկելու իրավունք չի ունենա: Դատավորը հետաքրքվեց՝ Գասպարյանն ինքնուրո՞ւյն է կայացրել այդ որոշումը: Ամբաստանյալը դրական պատասխան տվեց:
Մեղադրող-դատախազն առարկություններ չուներ, ուստի Գագիկ Պողոսյանը որոշեց գործն արագացված կարգով քննել:
Ապա Լեւոն Գասպարյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Գասպարյանը որպես դրական անձ է բնութագրվում, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել: Փաստաբանի փոխանցմամբ՝ նրա խնամքին գտնվում են կինը եւ երկու անչափահաս երեխաները: Այնուհետեւ մեղադրող-դատախազը ժամանակ խնդրեց դատավորից, որպեսզի մեղադրական ճառը նախապատրաստի: Նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 19-ը:
Հիշեցնենք նաեւ, որ նախկինում այս գործով մեկ այլ ամբաստանյալ Ջուլիետա Կոկոլյանն էլ մեղադրվում է նույն օրը լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու համար, սակայն նրան տեւական ժամանակ բերման ենթարկել չէր լինում, ուստի Լեւոն Գասպարյանի գործը վերջերս առանձնացվեց, իսկ Ջուլիետա Կոկոլյանի հանդեպ հետախուզում հայտարարվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ