Ադրբեջանի կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների միջև, որտեղ քննարկվել է վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրերը: Այս մասին հայտնում է InterpressNews-ը:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել ջանքերը՝ հանուն Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա խորացման:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր հերթին նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի համար առանձնահատուկ ռազմավարական գործընկեր է, և երկկողմ կապերի դրական դինամիկան ողջույնի է արժանի:
Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված ձևաչափով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները: Կողմերը խոսել են տնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ և քննարկել վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել համատեղ տրանսպորտային-էներգետիկ նախագծերին, որոնք ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակություն:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել կայունության պահպանման և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ