«Ադրբեջանի գոյությունն ինքնին վտանգ է տարածաշրջանի համար, այդ պատճառով մենք շարունակ ուշադրություն ենք դարձնում մեր պաշտպանական խնդիրներին: Զինված ուժերը պատրաստ են ցանկացած ժամանակ չեզոքացնելու իրական վտանգը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ալիեւի՝ «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու» մասին հայտարարության մեջ որքանո՞վ է առկա ռազմական գործողությունների իրական վտանգ, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ Ալիեւի նման հայտարարության հիմքում կարող են լինել թե՛ ներքին խնդիրներից եւ թե՛ ապագայից բխող որոշակի հաշվարկներ:
Փոխնախարարի խոսքով՝ ապրիլին Ալիեւի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու մեծ հավանականության փաստը չի կարող ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Հակամարտության կարգավորումը տարիներ շարունակ ընթանում է նույն սկզբունքների հիման վրա եւ նույն կերպ էլ շարունակվելու է»,- ասում է Արտակ Զաքարյանը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
13.03.2018