ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 13-ին հանդես է եկել ողջույնի խոսքով:
«Ողջունում եմ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք՝ հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:
Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին՝ առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թ. մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման եւ ամրապնդման գործում, որին հետևեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ:
Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ՝ իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման և զարգացման գործում:
Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ եւ հաճելի ժամաակ աստվածաշնչյան մեր երկրում:»
Մամուլի հաղորդագրություն