Ինչպես հայտնել ենք, այսօր ՍԴ-ն քննության առարկա էր դարձրել Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումը: Դիմումում բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնցով պայմանավորված տուժողների իրավահաջորդները զրկվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից։
Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ ինքը լավատես է եւ սպասումներ ունի ՍԴ-ից, կարծում է, որ արդար դատական ակտ կլինի եւ ցույց կտան, որ Հայաստանը իրավական երկիր է:
Կիվիրյանն ասաց, որ դատարանները փաստում են, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք քրեական դատավարության շրջանակներում չկա. «Ասում են, որ այդ պահանջը պետք է ներկայացվի առանձին վարույթով՝ քաղաքացիական գործի շրջանակներում, բայց այստեղ այլ խնդիր է լինում, որովհետեւ եթե մենք պահանջ ենք ներկայացնում ՌԴ-ի դեմ, այլեւս Հայաստանում չենք կարող ներկայացնել, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, ըստ պատասխանողի գտնվելու վայրի դատարան պետք է ներկայացվի այդ պահանջը: Հիմա մենք ունենք այդ առումով խնդիր: Բացի այդ, մենք վկայակոչել ենք նաեւ ՍԴ-ի մեկ այլ որոշում, որը վերաբերում է լրիվ այլ գործի, որտեղ ՍԴ-ն մեկ գործի շրջանակներում մի քանի պահանջների քննարկման արդյունավետության հարցն էր բարձրացնում: Տվյալ դեպքում հենց այդ պահանջը այս քրգործի շրջանակներում պետք է քննվեր եւ դա ավելի ողջամիտ էր: Գործը քննվում է, բոլոր տվյալներն առկա են այդ գործում եւ հիմա ասում են անջատիր այդ մասը եւ քննության առարկա դարձրու առանձին, երբ հնարավոր է միասին քննարկել»:
Հարցին՝ հաշվի առնելով, որ գործ ունենք ՌԴ-ի հետ եւ ոչ նյութական վնասի հատուցում, փաստորեն, պահանջվելու է ՌԴ-ից, այստեղ քաղաքական ազդեցություն կա՞՝ Կիվիրյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում ցանկացած ազդեցություն այդ առումով, թեկուզ քաղաքական տեսանկյունից, բայց ինձ, որպես իրավաբանի, դա այնքան էլ չի հետաքրքրում: Ես բարձրացնում եմ իրավական հարցադրումներ եւ իրավական պատասխաններ եմ ակնկալում: Թե ինչպիսի զարգացումներ կան քաղաքական տեսանկյունից, բնականաբար, կարծում եմ, դրանք կան»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ՌԴ-ից ոչ նյութական վնասի հատուցում են պահանջում ձեր վստահորդները, դրա արդյունքում ի՞նչ են ստանալու, ի՞նչ է ակնկալվում՝ Արամազդ Կիվիրյանը պատասխանեց. «Այստեղ հարցը ոչ միայն այն է, որ իրենք կստանան ինչ-որ գումարային հատուցում, այստեղ կարեւորն այն է, որպեսզի բացառվեն նմանատիպ դեպքերը: Ոչ նյութական վնասի հատուցման պահանջի քննությունը ինքնին եւ դրա հետագա բավարարումը կսթափեցնի Ռուսաստանին, որպեսզի իրենք հետագայում, ուղարկելով այստեղ համապատասխան անձանց զինծառայության, ավելի աչալուրջ կլինեն այդ հարցում: Գործի քննության ընթացքում պարզվեցին մի շարք հանգամանքներ, որ այդ անձը մոտ մեկ տասնյակ դեպք դասալքության արդեն ունեցել է: Ինքը ունեցել է որոշակի խնդիրներ, որի պայմաններում իրեն արգելված է եղել զենք կրել ՌԴ-ում, այսինքն՝ ծառայության ընթացքում: Եվ հանկարծակի այդ անձը հայտնվում է ՀՀ-ում եւ իրեն տալիս են զենք, ինչո՞ւ: Այսինքն, այստեղ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի շրջանակներում քննության առարկա կդառնա հենց ՌԴ-ի ոչ իրավաչափ գործողությունների հարցը՝ սկսած նրանից, թե ովքեր են այդ պաշտոնյաները, որոնք ուղարկել էին այդ անձին այստեղ, ինչու է տվյալ դեպքում այդ անձը հայտնվել ընդհանրապես ՀՀ-ում, ինչու են իրեն տվել զենք եւ այլ նմանատիպ հարցադրումների պատասխաններ կակնկալեինք: Քաղաքացիական հայցի չքննարկելու հանգամանքը պայմանավորում ենք հենց դրանով, որովհետեւ այդ ժամանակ, երբ մեր քաղաքացիական հայցը քննության առարկա կդառնար, ստիպված կլինեին արդեն անդրադարձ կատարել նաեւ այդ հանգամանքներին եւ դատարանը արդեն պետք է որոշակի որակումներ տար, ինչը տեղի չունեցավ, որովհետեւ իրենք ի սկզբանե բացառեցին քաղհայցի քննությունը: Չընդունեցին վարույթ, որ այդ հարցադրումները չբարձրացվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ