Կանանց տոնի նախօրեին Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը նախագահի նստավայրում հյուրընկալել էին տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց եւ պարգեւատրել նրանց։ Վերջիններիս թվում է մի շարք սերիալների սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, որն, ինչպես նշվում է, հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար պարգեւատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ Այս փաստը բուռն քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ։
– Պարոն Արծրունի, Դիանա Գրիգորյանին կամ, ասենք, Արմենչիկին պարգեւատրելը, կոչումի արժանացնելը ինչի՞ հետեւանք է:
– Դա որոշակի մշակութային քաղաքականության հետեւանք է, որի հիմքերը դրվել է տարիներ առաջ։ Այդ քաղաքականությունը խիստ տրամաբանված է եւ ինձ չի զարմացնում։ Դա որդեգրվում է ցանկացած նախագահի կողմից։ Չեմ տարանջատում մեր երեք նախագահներին։
– Շատերը հարցնում են՝ Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ է՝ ինչ է անում, այն, ինչ անում է, դիտավորյա՞լ է անում։
– Իհարկե, սա գիտակցված քայլ է եւ լուրջ քաղաքականություն, ըստ որի՝ հանրային պատկերացումներն ու չափանիշները չեն համապատասխանում համընդհանուր համամարդկային չափանիշներին։ Եթե դու դրա հասարակական էֆեկտին հասնում ես, նշանակում է՝ որոշակի քաղաքականություն է գործում։ Սրանք պարզապես միջադեպեր չեն, սա մի քանի տասնամյակ գոյություն ունեցող պրակտիկա է։ Վերջիվերջո, ո՞րն է հայ իշխանության, ազատ եւ անկախ Հայաստանի գեղագիտական դոկտրինը, ո՞րն է նրա բովանդակությունը, ովքե՞ր են արժեւորում եւ կրում այդ արժեքները։ Եթե այս հարցերը մեզ համար պարզ դառնան, կտեսնենք, որ միտում կա։ Իհարկե, արժանավորներին էլ են պարգեւներ բաժին հասնում, բայց մենք հասկանում ենք, որ ընդամենը բաժին են հասնում։ Գլոբալ առումով սա շատ ավելի լուրջ քաղաքականության արդյունք է, քան պատկերացնում ենք։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում