Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյոդոր Լուկիանով. Ռուսաստանը կփորձի լինել իր բոլոր դաշնակիցների կողքին, բայց այնպիսի դեպքերում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, երբ կողմերը երկու դաշնակիցներն են, դա անելը բարդ է. «168 ժամ»

Մարտ 13,2018 11:59

Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում հայտարարել էր, որ Ռուսաստանն ակնթարթային միջուկային հարված կհասցնի, եթե իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ էլ պետության հիմքերին սպառնացող զանգվածային խոցման այլ զենք կիրառվի։ Իսկ դաշնակիցները, ըստ ռուսական ղեկավարության, ՀԱՊԿ անդամ երկրներն են և այն երկրները, որոնց հետ Ռուսաստանը ռազմավարական հարաբերություններ ունի։

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ արևմտյան վերլուծաբաններն այդ ելույթը մեկնաբանում են մի կերպ, իսկ ռուսաստանցի վերլուծաբանները՝ այլ։ Իրականում, ըստ նրա՝ տեղի է ունեցել ուժի ցուցադրության դասական օրինակ, որը քաղաքականության մեջ բավականին լայն տարածում ունեցող և ակտիվորեն օգտագործվող գործիք է։ Լուկիանովի խոսքով, ուժի և սպառազինության ցուցադրությունը չի նշանակում, որ այն անպայմանորեն կիրառվելու է որևէ ուժի դեմ։

Ռուս քաղաքագետի կարծիքով՝ արևմտյան փորձագետներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը հավակնում է դառնալ միջուկային հզոր և Արևմուտքի հետ մրցակցող տերություն, քանի որ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է որոշ պաշտպանության համակարգերի համար։

«Հայաստանում դա շատ ավելի լավ են հասկանում՝ ունենալով Ղարաբաղյան հակամարտությունը և հակառակորդին զսպելու համար սպառազինությունն ի ցույց դնելու անհրաժեշտությունը։ Այդ գործիքին դիմում են և Հայաստանը, և Ադրբեջանը։ Այս դեպքում ևս կար ուժի ցուցադրության անհրաժեշտություն, երբ Միացյալ Նահանգները շարունակում է նորանոր պատժամիջոցներ կիրառել, նորանոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, դա արվում է ոչ միայն պատժամիջոցների օգնությամբ, այլև՝ Եվրոպայի և այլ գործընկերների միջոցով, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի։ ՌԴ նախագահը միամիտ չէ, որ կարծի, թե այս ուղերձը կզսպի ԱՄՆ-ին պատժամիջոցների դեպքում։ Ուժի ցուցադրությունը շատ ավելի հեռահար նպատակներ ունի և նախատեսված է այն ժամանակաշրջանի համար, երբ կարող են սպասվել բախումներ։ Ռուսաստանը զգուշացնում է, որ ունի լավ պաշտպանվելու հնարավորություններ»,- ասաց Լուկիանովը։

Ռուս քաղաքագետը չգիտի, թե որքանով է իրատեսական ՌԴ նախագահի պնդումն այն մասին, որ ռուսական կողմը նույնը կանի նաև դաշնակիցների համար, քանի որ հակամարտություններն ու միջազգային հարաբերությունները բավականին բարդ են։ «Ռուսաստանը կփորձի լինել իր բոլոր դաշնակիցների կողքին, բայց այնպիսի դեպքերում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, երբ կողմերը երկու դաշնակիցներն են, դա անելը բարդ է, ուստի այս պնդումը վիճելի է։ Սակայն, եթե խնդիրներ առաջանան դաշնակիցների և Արևմուտքի միջև, որում ռուսական կողմը նաև իր շահը կտեսնի, հնարավոր է»,- ասաց Լուկիանովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031