Վիճակագրական ծառայության տվյալները փաստում են՝ փետրվարի ընթացքում Հայաստանում կյանքն էժանացել է կես տոկոսով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է լայն սպառման սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գների որոշակի նվազեցմամբ:
Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2018թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում բանջարեղենի գները նվազել են 7,5%-ով, մրգինը՝ 2%-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն էժանացել են 2,5%-ով, շաքարավազը` 0,4%-ով: Փոխարենը մսամթերքի գինը փետրվարին նույնպես շարունակել է աճել` թանկանալով 1%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 0,1%-ով:
Մասնագետները հավաստիացնում են, որ եթե այս թանկացումները չլինեին, գնանկումն ավելի զգալի կլիներ: Այդուհանդերձ անգամ այդ դեպքում այն էական ազդեցություն չէր ունենա բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ Հայաստանում կյանքը բավականաչափ թանկ է, եւ մի քանի տասնյակ տոկոսների հասնող գնանկման դեպքում նոր միայն հնարավոր կլինի խոսել երկրում կյանքի որակի բարելավման մասին:
Ի՞նչն է նպաստել թեկուզեւ չնչին գնանկմանը: Որոշ մասնագետների դիտարկմամբ` ապրանքների գներն իջել են, քանի որ հայաստանցիներն անվճարունակ են եւ խնայողաբար են կատարում իրենց ծախսերը:
Նման կարծիքի է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որն աննշան գնանկումը հուսադրող հանգամանք չի համարում ոչ երկրի բնակչության, ոչ էլ պետության տնտեսության համար. «Մթերքների գների նվազումն առաջին հերթին պայմանավորված է երկրում ցածր վճարունակ պահանջարկով: Գները բարձրանում են, եթե կա վճարունակ պահանջարկի աճ: Իսկ գնաճը զսպող ամենամեծ գործոնն աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների «սառեցումն է»: Ինչպես գիտեք, այս տարի եւս չի նախատեսվում դրանց բարձրացում»:
Գնանկումը նաեւ վկայում է, որ նախորդ ամիսներին թանկացումը հիմնականում արհեստական էր։ Այժմ տնտեսավարողներն այդ արհեստական գնային միջամտությունը փոքր-ինչ փորձում են մեղմել՝ իրենց արտադրության, վաճառքի գոնե նախկին ծավալները պահպանելու համար:
Թվում է, էժանացումը պետք է հուսադրող լիներ սպառողների համար, սակայն, տնտեսագետի վստահեցմամբ, դա այնքան չնչին է հատկապես վերջին ամիսներին գրանցված գնաճի ֆոնին, որ նրանց դրամապանակի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Եվ հետո, եթե այս տարվա գնային վիճակագրական ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա դեկտեմբերի, այսինքն՝ մի քանի ամիս առաջ արձանագրված ցուցանիշների հետ, պարզ կդառնա, որ 2018թ. փետրվարին լայն սպառման ապրանքները 2,4%-ով թանկ են: Իսկ նման ցուցանիշների գոյության պայմաններում գնանկման մասին խոսք լինել չի կարող: Իրականում գնաճ է եղել:
Անդրադառնալով գնանկումային երեւույթներին՝ Ատոմ Մարգարյանը նշում է, որ տնտեսագիտության տեսանկյունից դրանք նպաստավոր չեն երկրի տնտեսության համար. «Ոչ թե գները պետք է սառեցվեն, այլ պետք է այնպես անել, որ մարդկանց եկամուտներն աճեն: Գների որոշակի աճը նաեւ նշան է արտադրողներին, որպեսզի նրանք խթան ունենան երկրում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո տնտեսությունը միայն դրական տեղաշարժերի դեպքում է զարգանում»:
Ի դեպ, օրերս ամերիկյան ֆինանսատնտեսական վերլուծական GOBankingRates հարթակը ներկայացրել էր աշխարհի ամենաէժան երկրների վարկանիշը, որի համաձայն՝ Հայաստանը 34-րդ տեղն է զբաղեցնում 115 երկրի շարքում: Այսինքն՝ Հայաստանը ներառված է լավագույն 50 երկրների շարքում:
Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում