«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Փետրվարի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ եւ այդ գործով դատական նիստ նշանակել 2018թ. մայիսի 8-ին:
«Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն 2003 թվականից Իջեւան քաղաքում եւ հարակից տարածքում հեռուստահաղորդումներ է հեռարձակում: Այն անալոգային ձեւաչափով է հեռարձակում կատարում: Իջեւան քաղաքի բնակիչները թվային ձեւաչափով հեռուստածրագրեր են դիտում: Այդ պատճառով «Իջեւան ստուդիան» ներկայումս հեռուստատեսային շատ փոքր լսարան ունի:
Հայտնել ենք, որ Իջեւանի հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»):
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ