Մարտի 11-ին Հայաստանի 20 համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ 4 համայնքներում ընթացան միայն համայնքի ղեկավարի, 6- ում՝ միայն ավագանա անդամների, իսկ 10-ում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ։
Բացառությամբ մի քանի համայնքների, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին, ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են պասիվ մթնոլորտում։ Մասնակցության միջին ցուցանիշը, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, կազմել է 44.91 տոկոս։
Ցայտուն տարբերություն կար միայն ավագանի եւ միայն համայնքի ղեկավար ընտրած համայնքների մասնակցության ցուցանիշների միջեւ։ Համայնքի ղեկավար, այսինքն՝ մեկ անձ ընտրած համայնքներում մասնակցությունն ավելի բարձր էր, քան միայն ավագանի ընտրած համայնքներում։ Արմավիրի Ծաղկալանջ եւ Դաշտ համայնքներում ավագանու ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 28 տոկոսը։ Դրանք ամենացածր ցուցանիշներն են։
Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լոռու մարզի Դեբեդ եւ Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 74 եւ 61 տոկոս համապատասխանաբար։ Հատկանշական է, որ հենց այս համայնքներում ընտրվեցին նոր ղեկավարներ, գործող համայնքապետերը չէին առաջադրվել։ Ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ միայն այս համայնքներում էր առկա մրցակցություն։
Դեբեդի համայնքապետի պաշտոնի համար էին պայքարում անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ անդամ Յուրիկ Նազլուխանյանը, ՀՅԴ անդամ Արայիկ Սարգսյանը եւ ՀՀԿ անդամ Կամո Պետրոսյանը։ Համայնքի ղեկավար ընտրվեց Աշոտ Ղազարյանը, ստանալով ձայների 31 տոկոսը։ Այդուհանդերձ, համեմատելով Դեբեդի համայնքապետի նախորդ ընտրությունների հետ, նկատելի է, որ ընտրողների ակտիվությունն աստիճանաբար նվազել է 2010 թ. 82%-ից մինչեւ այսօրվա 74-ը։
Նորամարգ համայնքում առաջադրվել էին անկուսակցական Արսեն Ղահրամանյանը եւ երկու ՀՀԿ-ականներ՝ Արմեն Գեւորգյանը եւ Արման Թադեւոսյանը։ Այստեղ թեժ պայքար ընթացավ ՀՀԿ անդամների միջեւ, որում 9 քվեի առավելությամբ հաղթեց Արման Թադեւոսյանը։ Հարկ է նշել, որ Նորամարգում բարձր է եղել նաեւ նախորդ՝ 2014 թ. ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ 51%, անգամ հաշվի առնելով, որ թեկնածուն միակն էր։
Մյուս համայնքներում վերընտրվեցին գործող համայնքապետերը, մեծապես այն պատճառով, որ այլընտրանք ուղղակի չկար՝ իրենց համայնքներում նրանք միակ թեկնածուներն էին։
Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր համայնքներում նախորդ ընտրությունների համեմատ նկատվել է ընտրողների ակտիվության նվազում։
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում