Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Ռոհանիի գլխավորած կառավարությունը դիմագրավում է ներքին և արտաքին մի շարք դժվարություններ

Մարտ 13,2018 10:52

Իրանում նախատոնական տրամադրություններ են․ մեկ շաբաթից երկրում դիմավորելու են ավանդական ամանորը՝ Նովռուզը։ Իշխանությունները փորձում են հաղթահարել տնտեսական դժվարությունները, աշխատավարձերը և թոշակները ժամանակին վճարել, շուկաները առատ պահել և ներքին կամ արտաքին շրջագայությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Իրանցիներն օգտվելով ամանորյան երկշաբաթյա արձակուրդից շատ են ճամբորդում և մասամբ էլ ընտրում են տարածաշրջանի երկրները, որոնք իրանցիներից վիզա չեն պահանջում, գներն էլ մատչելի են։ Արտասահման մեկնելու մտադրություն ունեցողները բողոքում են արտարժույթի թանկացումից և սակավությունից․ իրանական ռիալը վերջին երեք ամսվա ընթացքում քսան տոկոսի չափով արժեզրկվել է։

Նախագահ Ռոհանիի գլխավորած կառավարությունը դիմագրավում է ներքին և արտաքին մի շարք դժվարություններ։ Երկրի խորհրդարանն առաջիկա օրերում քննարկելու է երեք նախարարների անվստահություն հայտնելու հարցը․ Աշխատանքի և սոցիալական ապահովության, ճանապարհաշինության և քաղաքաշինության և Գյուղատնտեսության նախարարությունները հայտնվել են պատգամավորների սուր քննադատության թիրախում․ երկրաշարժի հետևանքների վերացում, բնակարանաշինություն, օդային և ծովային աղետներ, կենսաթոշակների ուշացում, գործազրկություն, կենսոլորտի խնդիրներ, գետերի չորացում և ոռոգման ջրի պակաս։ Հարցեր, որոնք մտահոգում են պատգամավորներին․ նախագահի տեղակալ Էսհաղ Ջահանգիրին կառավարության խոսափող «Իրան» թերթին հույս է հայտնել, որ երեք նախարարները պարզերես կլինեն և բուռն քննարկումներից հետո վստահության քվե կստանան։

Արտաքին ճնշումների շարքին կարելի է դասել միջազգային պատժամիջոցների խստացումը և մարդու իրավունքների հարգման պահանջը։ Այս օրերին ՄԱԿ-ի Ժնևյան նստավայրում ընթանում է Միավորված Ազգերի Կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը․ օրակարգում է նաև մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը Իրանի մասին։ ՄԱԿ-ը 2016 թվականին Իրանի հարցով զեկուցաբեր էր նշանակել պակիստանցի տիկին Ասեֆե Ջահանգիրին, որը անցյալ ամիս մահացավ, բայց Ժնևյան 12 մարտի նիստում ընթերցվեց նրա զեկուցագիրը։ Նա հաստատել էր, որ Իրանում նվազել է մահապատիժների թիվը, բայց շարունակվում է անչափահաս հանցագործների մահապատժի գործադրումը, քննադատել էր կալանավայրերի անմխիթար վիճակը և բանտարկյալների կամ կալանավորների մահվան կասկածելի դեպքերը, պահանջել էր հարգել կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքները և թույլ տալ կանանց, որ հագուստի ընտրության հարցում լինեն ազատ և կամավոր կերպով ընտրեն իսլամական տարազը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի այս տարվա նիստն աննախընթաց է Բի Բի Սի համաշխարհային լրատվական ցանցի բերած բողոքի գրությամբ։ Բի Բի Սի-ն հայտնել է, որ իր պարսկերենի խմբագրության աշխատակիցների հարազատները հալածվում են Իրանում և կալանք է դրված նրանց բանկային հաշիվների կամ տնտեսական գործարքների վրա։ Բի Բի Սի-ի պարսկերեն ծրագրերը լայն տարածում ունեն Իրանում և հասանելի են ինտերնետով կամ արբանյակային ալեկալով։ Իրանն իր այդ քայլերը մեկնաբանել է որպես սև փողերի շրջանառության դեմն առնելու միջոց․ Բի Բի Սի-ն պահանջել է վերջ դնել այդ սահմանափակումներին։

Իրանի «Իռնա» պետական լրատվական ցանցի հաղորդման համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ Ջավադ Լարիջանին շատ խիստ է արձագանքել իր երկրի հասցեին կատարված քննադատություններին և հայտնել է, որ Եմենի, Սիրիայի, Իրաքի կամ Աֆղանստանի անմեղ քաղաքացիներին դաժանորեն սպանող տերությունները, մարդու իրավունքները հարգելու դասեր են տալիս Իրանի Իսլամական Հանրապետության․ նա առաջարկել է իր երկրի համար հատուկ հանձնակատար նշանակելու փոխարեն, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ուսումնասիրման զեկուցաբեր նշանակել ԱՄՆ-ի, Սիոնական վարչակարգի (Իսրայելի), Բրիտանիայի և նման երկրների համար, որոնք ամեն քայլափոխի խախտում են մարդու իրավունքները։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարներում Իրանի խորհրդարանն են և ՄԱԿ-ի Ժնևյան նստավայրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031