Վերջին օրերին մեր երկրի փորձագիտական շրջանակները լայնորեն քննարկում են մարտի 12-17-ը Ադրբեջանում ընթացող զորավարժությունների սցենարը՝ փորձելով պարզել դրա հիմքում ընկած ռազմաքաղաքական նպատակները։
Անշուշտ դժվար է հարեւան երկրի ՊՆ-ի համառոտ հաղորդագրության հիման վրա լիարժեքորեն բացահայտել նախընտրական շրջանում Ադրբեջանի ժառանգական տիրակալի կողմից բեմականացվող այս ներկայացման իրական նպատակները։ Քանի որ հաղորդագրության մեջ խոսվում է հակառակորդի հարձակումը հետ մղելու, հակահարվածների միջոցով պաշտպանական գիծը վերականգնելու, հետագայում լայնածավալ հակահարձակման անցնելու երեք հանգրվանի մասին, ապա ակներեւ է, որ իրականում գործ ունենք արդեն ծանոթ եւ մեկ անգամ արդեն փորձարկված ռազմական գործողությունների գաղափարախոսականացված տարբերակի հետ։
Այսինքն՝ սրանք ոչ թե մեզ անծանոթ սցենարի մանրամասներն են, այլ մեկ անգամ արդեն տեղի ունեցածի կրկնությունը ավելի լայն ընդգրկմամբ։ Եվ եթե ոմանք դա մոռացել են, ստիպված ենք նրանց հիշեցնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկա հաղորդագրության բովանդակությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի սցենարի կրկնությունն է՝ իր հիմնական ռազմական, քաղաքական ու գաղափարախոսական բաղադրիչներով հանդերձ։
Տարբերությունը միայն չափերն ու ծավալներն են, այսինքն՝ 2016 թվականին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով իրականացված պատերազմական գործողությունները այս անգամ փոխարինվել են 25 հազարանոց բանակի ուժերով իրականացվելիք լայնածավալ պատերազմի սցենարով։
Կարծում ենք, չպետք է շեղվել ներկա զորավարժությունների գնահատման զուտ ռազմագիտական բաղադրիչից, կամ դրա սցենարն անվանել զգուշավոր, կամ պարտվողական՝ ինչպես մտածում են մեր որոշ գործընկերներ։ Առաջիկայում Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին կազմակերպվելիք զորավարժությունները մեզ ծանոթ սցենարի բաղադրիչները կամ կրկնություններն են՝ բոլորովին այլ ծավալների ու մարդկային ռեսուրսների շրջագծում։
Մնացյալը նույնն է, քանզի դրանց հաջորդական հանգրվանները բովանդակային առումով. չեն տարբերվում իրարից։
Առանձին հանգրվան – հակառակորդի հարձակման հետ մղում։
Ինչպես 2016 թվականի ապրիլին սկզբում հորինվում է հայերի հարձակման առասպելը՝ որպես միջազգային հանրությանը ապակողմնորոշելու միջոց, ապաեւ զարգացվում է այն վարկածը թե այս անգամ էլ հայերը առաջինն են մի քանի ուղղություններով հարձակման անցել, բայց ավելի լայն ընդգրկմամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ուստի հասկանալի է, որ այս անգամ նրանց տրվելիքի պատասխանը չպետք է սահմանափակվի պարզ հակահարվածով։
Բնականաբար հիշյալ նպատակով ասպարեզ է նետվելու համապատասխան ապատեղեկատվությունը։ Այնուհետեւ, որպեսզի ցույց տրվի, թե իբր հարձակվողները հայերն են, հնարավոր է, որ տեղի է ունենա անգամ ադրբեջանական բանակի իմիտացիոն նահանջ՝ ռազմական շփման գծի որոշ կրակակետերից եւ նույնիսկ սահմանամերձ որոշ բնակավայրերից։
Այնուհետեւ սկսվելու է իրենց իսկ լքած դիրքերի հրետակոծությունը։ Չմոռանանք, որ 1939-ին հիտլերյան Գերմանիան հենց այս սցենարով հարձակվեց Լեհաստանի վրա՝ օգտագործելով լեհական համազգեստով էսէսականներին։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում