Հայաստանում օրինապաշտ եւ քաղաքակիրթ լինելը խիստ դատապարտելի երեւույթ է: Իսկ ի՞նչը կարող է մարդուն օրինապաշտ դարձնել: Բնականաբար, օրենքի խստությունը: Բայց դրա դեմ մշտական կատաղի քարոզչություն է գնում: Արագաչափերը, դեղատոմսերը, ծխելու եւ փողոցը սխալ անցնելու համար տուգանքները հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են:
Ինչու են մարդիկ ուզում առանց դեղատոմսի «ծակվել» հակաբիոտիկներով, քշել 100 կիլոմետր ժամ արագությամբ, ծխել հասարակական վայրերում, մեքենայի պատուհանից աղբ թափել, իրար խաբել եւ «քցել», վերջապես՝ ինչու են նրանք այդքան սիրում խնչել եւ թքել փողոցում: «Պարզվում է»՝ պատճառն այն է, որ նրանք վատ են ապրում, ցածր աշխատավարձ են ստանում, չեն կարողանում ընտանիք պահել: Այ, երբ նրանց համար կյանքի լավ պայմաններ ստեղծվեն, երբ ստանան բարձր աշխատավարձ, ունենան լեգիտիմ եւ հոգատար իշխանություն, երբ լինի սոցիալական արդարություն, նրանք այդ ամենը «կթարգեն»: Մեր քաղաքացիները քաղաքացու վարք չեն դրսեւորում իշխանությունների ոչ լեգիտիմության «դարդից»:
Բայց սպասեք մի րոպե: 70-ական թվականներին մարդիկ լավ էին ապրում (նյութապես), ստանում էին առնվազն 120 ռուբլի աշխատավարձ: Ինչո՞ւ էր այդ դեպքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը գողանում 2 կոպեկանոց էլեկտրաէներգիան, որն ամսական հազիվ 50 կոպեկ նստեր: Կոմունիստների ոչ լեգիտիմ լինե՞լն էր նրանց դրդում: Կամ գուցե տեսնում էին, թե որքան լավ են ապրում ռայկոմի քարտուղարները, ցեխավիկները եւ պահեստապետները, եւ «լույս գողանալը» նրանց բողո՞քն էր սոցիալական անարդարության դեմ:
Խնդիրը ես, ճիշտն ասած, այլ տեղ եմ տեսնում: Հայաստանում՝ խորհրդային, թե անկախ, ինչ-որ իռացիոնալ ատելություն կա պետության նկատմամբ: Մենք սիրում ենք մեր հողը, մեր հայրենիքը, պատրաստ ենք դրանց համար կյանք տալ, բայց պետությունը ոչ միայն չենք սիրում, այլեւ թշնամաբար ենք վերաբերվում նրան: Մարդիկ իրենց հակասոցիալական վարքի արդարացումը տեսնում են Քոչինյանի, Դեմիրճյանի, անկախ Հայաստանի ղեկավարների, ուրիշների «հաջողակ», իրենց «անհաջողակ» լինելու եւ դրա վրա հիմնված «անարդարության» մեջ: Այդ «թրենդն» ամրապնդում են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչն ինչոց է՝ առաջ դա արվում էր խոհանոցներում, հիմա՝ սոցիալական ցանցերում:
Մի բան է իմանալ իրականությունը, մեկ այլ բան է՝ այն արտաբերելը: Հոսանքին դեմ գնալը միշտ բարդ է եղել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ժամանակին երբ արեւմտահայերեն էի լսում, ներեցեք, զզվանքս գալիս էր, թվում էր թե հայերենը աղավաղում են, հասկանում էի, որ դա այդպես չպետք է լինի, հա ինձ ստիպում էի լսել արեւմտահայերեն, որ բացասական վերաբերմունքս վերանա, բայց անօգուտ, հետո հեռուստացույցով տեսա արեւմտահայերենով խոսող Մերձավոր Արեւելքից մի սիրուն աղջնակի ու վայրկյանական ոչ միայն չքվեց իմ այդ վատ վերաբերմունքը այդ լեզվի հանդեպ, այլեւ շատ երգեցիք ու սիրուն լեզու զգացի արեւմտահայերենը: Սրանից հետեւություն՝ քաղաքացուն կարելի է դաստիարակել, եկեք փող հավաքենք, հեռուստացույցով քաղաքացու լավ տեսակի գովազդ տանք մեր անուշիկ հայույիների մասնակցությամբ, իսկ բանակի գովազդն անել մեր զինվոր տղաների մասնակցությամբ:
Պատճառը նրանում է որ հասարակութան մեծ մասը մանկուց դաստիարակվում է գողական բարքերով՝ գողացար, գցիր, խախտեցիր՝ լավ տղա ես. մուծեցիր, ենթարկվեցիր օրենքին՝ հարիֆ ես։
Այս ամենը սովորեցնում են շրջապատում և հեռուստատեսության ֆիլմերում և քանի դեռ արմատախիլ չի արվել գողական հասկացողությունը ոչինչ էլ չի փոխվի։
Պետութեան նկատմամբ կարգ մը հայերի հիւանդագին ատելութիւնը դեռ միայն ախտանշան է:
Հայերի մէջ միշտ եղել են ու կան ոմանք, լինի դա Հայաստանում, Արցախում կամ այլուր, որոնք բացարձակապէս անհատապաշտ են, եսակեդրոն, նիւթապաշտ, ուրիշի նկատմամբ խորապէս անհոգ ու անզգամ:
Հաւաքական ու միացեալ շահերի ըմբռնողութիւնը, աւելի տկարին կամ կարիքաւորին սիրոյն անձնական զոհողութեան գաղափարը, գոյութիւն չունին անոնց համար. ոչ ել տարրական չափով իսկ գաղափարական որեւէ յղացք:
Այս ամէնը բաւարար բացատրողներ ալ չկան, ափսոս: Մինչ այդ թերութիւնները – որպէս քաղաքական շահագործում, կոպիտ ամբոխահաճութիւն – քաջալերողները չեն պակսիր, նամանաւանդ երբ որ նիւթը կը վերաբերի, արդարեւ, Պետութեան:
«Օրենքները մարդու համար են, ոչ թե մարդը՝ օրենքների համար»:
Առակ՝.
«Առյուծի ոտքը կոտրվեց, նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց. — Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչո՞ւ ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ:
Այն պատճառով, պատասխանեցին կենդանիները, որ մենք քեզանից պաշտպանութւուն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ Էլ այլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք Է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:»
Մխիթար Գոշ