Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականում: «Կանտեսի՞ արդյոք Թրամթը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերտառությամբ հոդվածում Էվանսը աշխարհին հիշեցնում է, որ եկել է ժամանակը՝ ճանաչելու Արցախի անկախությունը:
451 թ. հայ ռազմիկները Պարսկաստանի հետ կատաղի մարտից հետո նահանջեցին Հարավային Կովկաս՝ Արցախի անտառներ: Նրանք պարտվեցին պատերազմում, բայց պահպանեցին իրենց քրիստոնեական հավատը, և հետևաբար, դա համարեցին հաղթանակ: Հայաստանն առաջին ազգն է, որ 301թ. քրիստոնեություն է ընդունել:
2018 թ. փոքր, բայց ինքնորոշված հայկական ժողովրդավարական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (կամ «Արցախը», ինչպես հայերն են այն անվանում) փորձում է գոյատևել՝ ռազմական առումով գերակա ուժի սպառնալիքի տակ, որը ցանկանում է ջախջախել իրեն: Պրոֆեսոր Օդրի Ալթստադտը Ադրբեջանի մասին իր վերջին հոդվածում չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը, բայց, թերևս, պետք է հիշատակեր, քանի որ չճանաչված այդ պետության քաղաքացիների դրությունը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է:
Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավար ընտրություններով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նախագահի աշխատակազմը նրան չի ընդունի մասամբ այն պատճառով, որ ԱՄՆ-ը լռություն է պահպանում այն հարցում՝ արդյոք Արցախը պետք է անկախ լինի Ադրբեջանից, որին միացվել էր 1921թ. Իոսիֆ Ստալինի կողմից: Վաշինգտոնը չի ճանաչել Արցախը (փաստացի այն չի ճանաչել ոչ մի պետություն), բայց նախագահ Սահակյանի նախորդը, որը ԱՄՆ էր այցելել 1999թ. և 2002թ., աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետքարտուղարության պաշտոնյաների հետ, և Վաշինգտոնում էլ կա Լեռնային Ղարաբաղ/Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ: Այս այցի ընթացքում Սահակյանը կսահմանափակվի Կոնգրեսում հանդիպումներով և Ազգային շահերի կենտրոնում մասնավոր ճաշով:
Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ը փորձում է միջնորդել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ավելի քան 20 տարի ձգվող վեճը լուծելու համար: Չնայած ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող այս բանակցություններն առայժմ կարգավորման չեն հանգեցրել, Ղարաբաղի բնակչությունը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: 1994 թ. ռուսական հովանու ներքո ձեռք բերված փխրուն հրադադարը խախտվեց 2016 թ. ապրիլին, երբ ադրբեջանական զորքերը փորձեցին խլել 1990-ականներին Խորհրդային Միության փլուզումից հետո իրենց ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայերի տարած հաղթանակը:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ժամանակակից Ադրբեջանի մաս, բացառությամբ ԽՍՀՄ կազմում, երբ ինքն ինքնավար մարզ էր՝ առանձնանալու իրավունքով: Ու երբեք էլ չի եղել խորհրդային իշխանության հաստատումից առաջ կարճատև կյանք ունեցած Ադրբեջանի կազմում:
2014թ. քառօրյա պատերազմն ամեն ինչ փոխեց: Դա վայրագ արշավ էր, որը սկսվեց գիշերը՝ հայկական և ադրբեջանական զորքերը բաժանող շփման գծի մի քանի հատվածներից: Դա հանգեցրեց մոտ 400 զոհի, մինչև որ հրադադարը վերականգնվեց: Ադրբեջանական զորքերը իրականացրին մի շարք վայրագություններ՝ կտրելով հայ ծեր զույգի ականջները, խոշտանգելով հայ զինվորների մարմինները և առնվազն մեկ դեպքում՝ գլխատելով զինվորին, ինչպես անում է ԴԱԻՇ-ը: Այս վայրագությունները (թվով մոտ 21) արձանագրվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից և զեկուցվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին: Բլիցկրիգը վերացրեց այն փոքրիկ վստահությունը, որ Արցախի հայերը կարող էին ունենալ խաղաղության բանակցությունների և իրենց նկատմամբ Բաքվի մտադրությունների վրա, որը որոշ հետազոտողներ հավասարեցնում են ցեղասպանության:
Սեփական աչքերով եմ տեսել, երբ 2016թ. ապրիլից հետո հուլիսին այցելեցի այնտեղ, որ մարդիկ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն, չնայած որ «ճանաչված չեն» աշխարհի կողմից: Նրանք դրսևորում են Մոնտևիդեոյի կոնվենցիայով սահմանված պետության բոլոր ատրիբուտները՝ բացի վերջինից՝ միջպետական հարաբերություններ վարելու ունակություն: Ըստ էության, նրանք ունակություն ունեն, նրանց միայն հրաժարվում են տրամադրել հնարավորություն: Ադրբեջանը պատժում է առանց իր թույլտվության Ղարաբաղ այցելող բոլորին, ինչպիսիք են օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, հայտնի խոհարար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունյակագիր Դեյվիդ Իգնեյշըզը և շատ ուրիշներ, որոնք այժմ Բաքվի «սև ցուցակում» են: Կատարյալ բացահայտում. ես ինքս էլ այդ ցուցակում եմ:
Վերջերս Բրյուսելում հավաքված միջազգային իրավունքի փորձագետների համաձայն՝ ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, որին կարելի է հղում կատարել միայն «արտաքին սպառնալիքի» դեպքում, բայց ոչ թե խոչընդոտել ներքին փոքրամասնության իրավունքների իրացումը: Մի կողմ թողնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն օրինական կերպով անջատվել է ԽՍՀՄ-ից նույն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, ոչ մի կասկած չի կարող լինել, որ Բաքվի կառավարության հետ վեճը սկսվել է որպես ներքին խնդիր: Ճիշտ է նաև այն, որ Հայաստանը պաշտպանել է իր եղբայր Արցախին, ինչպես որ Կալիֆորնիայի և ամբողջ աշխարհի հայությունը: Եվ պետք է նշել, որ ինքնորոշումը երբեմն կարող է կիրառվել պետության ներսում, ինչպես օրինակ Քվեբեքն է որոշել անջատվել Կանադայից: Բայց երբ «ծնող» պետությունը բռնություն է կիրառում նրանց նկատմամբ, որոնք համարվում են իր քաղաքացիները, նա կորցնում է նրանց կառավարելու իրավունքը, և այստեղ առաջ է գալիս «բուժիչ անջատման» հարցը:
Ինչպես հիշեցնում է պրոֆեսոր Փոլ Ուիլյամսը Վաշինգտոնի իրավունքի քոլեջից, այսօր աշխարհում կա մոտ 70 ակտիվ ինքնորոշման շարժում: Այդ հակամարտությունները, ըստ նրա, «մահաբեր են, տևական և ապակայունացնող»: Որպես կանոն, դրանք միջինը տևում են մոտ 3 տարի: Բայց մեկ այլ միջազգային իրավունքի փորձագետ՝ Ալֆրեդ դե Զայասը, մատնանշում է, որ ինքնորոշումը ժողովրդավարության ձև է, և պետք է դիտարկվի որպես երկարատև կայունության գործոն:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախը, ազգերի ընտանիք: Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանն այդ մասին վերջերս բարձրաձայնել է Եվրոպական խորհրդարանում: «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղ և ազատ: Չնայած Արցախի հանրապետության կարգավիճակը վերջնականապես չի որոշվել, Արցախի ժողովուրդն ունի և պե՛տք է վայելի այն նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվի հասարակության մյուս մասի կողմից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ