Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շքեղ «Համերներից» Գյումրու ամենացեխոտ փողոցը. համացանցը գրաված 14-ամյա Հոբի աշխատանքները (Ֆոտոշարք)

Մարտ 12,2018 22:00

Գյումրեցի 14-ամյա Հոբ Ղազարյանի նկարները գերել են համացանցի օգտատերերին. նրանով հետաքրքրված են Վեհափառը, արտերկրից հայտնի արվեստագետներ: Հոբ Ղազարյանը բնակվում է Գյումրու ամենացեխոտ տնակային թաղամասերից մեկում՝ «Ֆանտաններում», Սավոյան փողոցում:

Հոբը Ղազարյանների ավագ որդին է, նրանք ունեն 7 զավակներ՝ 4 տղա և 3 աղջիկ: Ծնողները վստահ են, որ իրենց երեխաները լավ մարդիկ կդառնան՝ աստվածավախ ու մարդասեր:

Նրանք բնակվում են տնակում, նկարիչ Սամվել Գալստյանի արվեստանոցը, որտեղ սովորում է 14-ամյա տղան, նույնպես տնակում է՝ նույն թաղում, ընդ որում՝ շատ նեղլիկ մի սենյակում: Հոբի ամենավերջին աշխատանքը, որը մեծ քննարկման արժանացավ համացանցում, Սավոյան փողոցից է, պատկերված է այն ցեխոտ ճանապարհը, որով տղան հասնելու է դեպի արվեստանոց: Հոբը խոստովանում է, որ թեև շատ է նեղվում ցեխոտ փողոցներից, սակայն պահի տակ իրեն գրավել է ցեխաջրերի մեջ պատկերների արտացոլանքը: Հոբը որոշել է բնանկարներ անել, թեև ժամանակին շքեղ ավտոմեքենաներ, հատկապես «Համերներ» նկարելու հոբի ուներ:

«7 տարեկան էի, պապաս իր ընկերների հետ շինարարություն էր անում, եկա տուն ու նկարեցի այդ տեսարանը, ու պապաս որոշեց, որ ես պիտի նկարչական գնամ: Մեքենաներ էի շատ սիրում նկարել, հատկապես «Համեր», բայց էդ ժամանակ փոքր էր, հիմա գտնում եմ, որ ռեալիստական նկարներ անելն է ճիշտ»,- ասում է Հոբը:

Նա անգամ նկարել է «ընկեր Սամվելի» հարևանին, վարպետն էլ, տեսնելով սանի աշխատանքն, ասել է՝ շատ նման է: Պատանի նկարչի սիրած նկարիչներն են Այվազովսկին ու Ռեմբրանտը: Հոբը երազում է ճանաչված նկարիչ դառնալ, նա իր նկարներն առաջինը ցույց է տալիս դասընկերներին, հատկապես ավտոմեքենաները, որոնք և քննարկում են հաջողված կամ անհաջող լինելը:

Նկարիչ Սամվել Գալստյանի կարծիքով, իր սանը մեծ ապագա է ունենալու: Նա մեջբերում է Լեոնարդո դա Վինչիի խոսքերը, թե «1 տոկոս տաղանդն ու 99 տոկոս աշխատասիրությունը հավասար են հանճարի»: «Եթե սիրեցիր քո մասնագիտությունը, աշխատեցիր, Աստծո տված մի փոքր շնորհքն էլ հերիք է, կարող ես դառնալ լավ նկարիչ, լավ արվեստագետ»,-ասում է Սամվել Գալստյանը:

Տաղանդավոր տղային հայտնաբերել ու նրա նկարները համացանցով տարածել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Նա պատրաստվում է հունիսի 4-ին «Շալե Գյումրի» կենտրոնում տաղանդավոր պատանիների նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել, որին մասնակցելու են հարյուրավոր մարդիկ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ամբողջ գումարը տրամադրվելու է երեխաների ընտանիքներին:

«Շիրակ կենտրոնը» Գյումրու տնակային ավանները տարբեր գույներով է ներկայացնում, և միտք էր հղացել տնակներում ու տնակային ավաններում ապրողներին այլ գույներով ներկայացնել, որովհետև շատ դեպքերում, երբ զրուցում ենք, տպավորություն է, թե տնակային ավաններում մնացել են մարդիկ, որոնց հետ ոչ մի հույս, ապագա կապել հնարավոր չէ, անհուսալի վիճակ է: Եվ մենք մի ծրագիր որոշեցինք՝ «Տաղանդները տնակային ավաններում» ու հովանավորներ գտանք»,-ասում է Վահան Թումասյանը:

Նա հենց առաջին պահից հասկացել է, որ երկար ընդմիջումից հետո հայ տաղանդավոր նկարիչները՝ Մարտիրոս Սարյանը, Մինասը, Էմիլ Գազազը փոխարինողներ ունեն, և նրանք հենց տնականային ավաններում մեծացած պատանիներն են: Պրպտումներից հետո հայտնաբերել են 14-ամյա Հոբ Ղազարյանին ու Մկրտիչ Պետրոսյանին:

«Հարյուրավոր նամակներ եմ ստացել երկու տաղանդավոր պատանիների աշխատանքների վերաբերյալ, և բոլորը հույս են կապում, որ համապատասխան կրթություն ստանալու դեպքում իրենք վաղը լրացնելու են Մինասի և մյուս հանճարների տեղը», -ասում է Վահան Թումասյանը:

Տնակներից հանճարներ գտնելը նվիրված է երկրաշարժի 30-ամյա տարելիցին:

Ըստ նրա, այս ծրագրով մարդկանց կարծիքը կփոխվի Գյումրու, հատկապես տնակներում ապրող մարդկանց հանդեպ, և համայն հայության ուշադրությունը կսևեռվի այս քաղաքի վրա, և ոչ միայն օգնություն բաժանելու, բնակարաններ նվիրելու առումով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Աչքիս հանճարեղ երեխա է Հոբը. մնում է, որ կանգ չառնի, ու մենք կունենանք երկրորդ Մինասը, կամ նույնիսկ նրանից ավելի մեծը:
    ՀԳ. Քանի որ մեքենա նկարել շատ է սիրել՝ մի փոքր խորհուրդ. մեքենաների անիվները ավելի լայն են, քան դրանք կան իրականում, ու դա աչք է ծակում հատկապես Մոսկվիչի դեպքում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031