Լրահոս
Օրվա լրահոսը

Արիֆ Յունուսով. «Քչերը հասկացան Երեւանի մասին Իլհամ Ալիեւի հայտարարության իրական շարժառիթը». «Հետք»

Մարտ 12,2018 20:00

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 թ. ապրիլի 11-ին, ավանդական հոկտեմբերի փոխարեն։ Այս պահի դրությամբ կան 15 առաջադրված  թեկնածուներ։  Թե ի՞նչ խորքային տարբերանշաններ ունեն այս ընտրությունները, ի՞նչն էր ժամկետը վեց ամսով առաջ տալու շարժառիթը, Իլհամ Ալիեւի անկասկած վերընտրման հեռանկարի պարագայում  ներիշխանական ի՞նչ կատաղի պայքար կա երկրում, ի՞նչ  սպասելիքներ ունի երկրի ներսում ու դրսում ապրող ադրբեջանական հասարակությունը, զրուցել ենք հայտնի կոնֆլիկտաբան եւ պատմաբան, արդեն երկու տարի որպես քաղաքական էմիգրանտ Հոլանդիայում բնակվող եւ իր գիտական ու հասարակական գործունեությունը շարունակող Արիֆ Յունուսովի հետ։

Ուղիղ մեկ տարի առաջ Իլհամ Ալիեւը փոխնախագահ նշանակեց իր կնոջը։ Դրանից հետո նա հրաման արձակեց իր վարչակազմի նախկին թիմի պաշտոնաթողության եւ նորի ձեւավորման մասին։ Եվ հենց այստեղ բավական նուրբ  իրավիճակ ստեղծվեց. բոլորը հասկանում էին, որ այդ որոշումով Իլհամ Ալիեւը պաշտոնանկ է անում ոչ թե պարզապես նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին ու նրա թիմին, այլ՝ Հեյդար Ալիեւի խմբին։ Բայց Մեհթիեւը հրաժարվեց կամավոր հեռանալ։ Արդյունքում իրավական տեսանկյունից աբսուրդ իրավիճակ ստեղծվեց. հին թիմը ֆորմալ առումով, թղթի վրա վերացված է, բայց դե-ֆակտո առաջվա նման աշխատում է։ Նորը նույնպես աշխատում է, բայց ոչ թե նախագահի վարչակազմում, այլ Հեյդար Ալիեւի հիմնադրամում։ Փաստորեն, այդ ժամանակ 79-ամյա Ռամիզ Մեհթիեւը ցույց տվեց իր ուժը։

Խմբակցությունների միջեւ սկսեց աճել լարվածությունը, եւ դա` ընտրությունների նախապատրաստման պայմաններում։  Նաեւ՝ առաջիկա ամիսներին սպասվող լուրջ ինֆլյացիայի եւ երկրում դժգոհությունների աճի համատեքստում։ Պատահական չէ, որ ընտրությունների ժամկետի փոփոխումից հետո եղան Ադրբեջանի համար նշանային երկու հայտարարություններ։ Սկզբում իշխանության տեղական մարմինների ղեկավարները հավաստիացում ստացան, որ ո´չ ընտրություններից առաջ, եւ ո´չ էլ հետո նրանցից ոչ ոք աշխատանքից չի հեռացվելու։ Բայց չէ՞ որ դա Ռամիզ Մեհթիեւի թիմն է։ Նրանց ակնհայտորեն հանգստացնում էին՝ ջանալով պոկել Մեհթիեւից եւ ուղղորդել դեպի Իլհամ Ալիեւը։ Հետո ելույթ ունեցավ ինքը՝ Իլհամ Ալիեւը, Երեւանի մասին իր հայտնի հայտարարությամբ։ Այն մեծ արձագանք ստացավ հայերի շրջանում եւ միջազգային մակարդակում։ Բայց շատ քչերը հասկացան այդ հայտարարության իրական շարժառիթը։

Իրականում բոլոր խոսակցությունները, թե Ադրբեջանը վաղ թե ուշ կվերադարձնի Երեւանը, հասցեագրված էին հայաստանյան ծագումով ադրբեջանցիներին, այն նպատակով, որ նրանք Իլհամ Ալիեւին եւ իր թիմին որպես յուրային ընդունեն։ Չէ՞ որ հենց նրանք են 90-ականների սկզբներից խոսում այդ մասին։ Երեւանը վերադարձնելու թեման ամենեւին էլ նոր չէ ադրբեջանական հասարակության համար, բայց հետաքրքիր է միայն հայաստանյան ծագումով խմբերին։

Այնպես որ, ընտրությունների ժամկետի տեղափոխման որոշման հիմքում միջկլանային բախումներն ու իշխանական խմբավորումների միջեւ պայքարն է։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հետք»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031